Դատարանը պաշտպանեց Գագիկ Ջհանգիրյանին
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, այսօր մերժվել է «Մատաղիսի գործով» արդարացվածների հայցն ընդդեմ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք, որ հայցվոր կողմը պահանջում էր դատարանից զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանողից հօգուտ հայցվորների բռնագանձել 600 հազար դրամ գումար՝ պարտավորեցնելով հրապարակային ներողություն խնդրել հայցվորներից, իսկ զրպարտության համար՝ «Առավոտ» և «Լրագիր» կայքէջերում հրապարակել վճռի եզրափակիչ մասը, ինչպես նաև` ճանաչել անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման փաստը:
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:
aravot.am և lragir.am լրատվական միջոցների լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
«Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել»-, նշված է հայցադիմումի մեջ: