Եթե Տ. Սարգսյանը ստորագրություն չի դրել, չի նշանակում, որ տեղյակ չէ օֆշորից և չի գործել միջնորդավորված՝ լիազորված անձով
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ երեկվանից մի քանի լրատվական կայքեր հրապարակում են, որ Կիպրոսից ստացված տեղեկատվության համաձայն ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ Նավասարդ Կճոյանը չեն ստորագրել ընկերության Կիպրոսի Ընկերությունների Ռեգիստրի Դեպարտամենտ և Պաշտոնական Գրասենյակում գտնվող պաշտոնական գործերում առկա փաստաթղթերից որևէ մեկը։ Համենայնդեպս, նրանց ստորագրությունը բացակայում է փաստաթղթերում։ Ավելին, Աշոտ Սուքիասյանն է ստորագրել նաև այն փաստաթղթերը, համաձայն որոնց՝ նա հանդիսանում է ընկերության տնօրեն և քարտուղար:
Ընդ որում, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը ևս «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ վերոհիշյալ ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել։
Հիմա հարց է առաջանում, թե այդ փաստաթղթերում ստորագրությունների բացակայությունը արդյո՞ք նշանակում է, որ հիշյալ անձիք՝ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը և Ն. Կճոյանը, կապ չունեն գործարքի հետ, կամ չարաշահել են նրանց անունը և նրանց անունով գործարք են իրականացրել:
ԳԱԼԱ-ն այս թեմայով զրուցել է ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ, ով ասել է հետևյալը.
«Այդ ամենը կախված է Կիպրոսի օրենքներից, որովհետև հնարավոր է նաև այսպիսի մի բան. ես լիազորեմ երրորդ անձին՝ իմ անունից հաշիվ բացի և գործարք իրականացնի: Բնականաբար, ես այդտեղ այլևս չպիտի ստորագրեմ, էդ կապված է արդեն նրանից, թե այնտեղ օրենքը ինչպես է այդ ամենը կարգավորում, այսինքն՝ ուղղակիորեն իմ ստորագրության չլինելը չի նշանակում, որ ես տեղյակ չեմ այդ ամենից»:
Փաստաբանն ասել է, որ, օրինակ, Հայաստանում հնարավոր է նման բան անել՝ լիազորել անձի, ով կիրականացնի գործարքները.
Ավելի հստակ պատասխան կարելի է միայն Կիպրոսից ակնկալել, թե իրենց մոտ ինչ կարգով է դա լինում, որովհետև կարող եմ կրկնել, որ կարող եմ ես լիազորել երրորդ անձի՝ իմ անունից ստորագրի և էլ ստորագրելու անհրաժեշտություն չկա:
Հայաստանում կան որոշակի գործարքներ, որոնց համար թույլ տրվում է լիազորել երրորդ անձի՝ գործողություններ կատարելու, գործարքի գնալու համար: Կիպրոսի դատախազի հարցազրույցից էլ էր ենթադրելի, որ դա այդպես է, բայց ավելի հստակ կարելի է այնտեղից իմանալ»,- ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը: