Բաժիններ՝

«…Իսկ Կճոյանը հույս էր տալիս, թե լավ է լինելու». Փ. Հայրապետյանը պահանջում է հրապարակել Կիպրոսից եկած վարչապետի պատասխանը

Երեկ որոշ կայքեր հրապարակեցին, որ Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստրից ստացվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից արված հարցման պատասխանը, որից պետք է պարզ լիներ, թե արդյոք ՀՀ վարչապետը իմացել է, որ ինքը օֆշորային ընկերության փայատեր է: Խոսքը այն հայտնի օֆշորային ընկերության մասին է, որի փայատերերի կազմում նշված է նաև Տ. Սարգսյանի անունը, սակայն վերջինս պնդում է, որ իրեն փայատեր են դարձրել առանց իր գիտության: Թե ինչ են պատասխանել Կիպրոսից, առայժմ անհայտ է: Որոշ կայքեր հրապարակեցին, թե այնտեղ վարչապետի ստորագրությունը չի եղել, այնինչ ՀՀ դատախազությունը հրաժարվում է հրապարակել պաշտոնական պատասխանը Կիպրոսից: ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ պատասխանն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն և կցվել է օֆշորային այդ պատմության գործով հարուցված քրգործին և չեն կարող հրապարակել:

Սակայն օֆշորային այդ ընկերությունների հետեւանքով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է՝ ինքը պահանջում է, որ հրապարակեն այդ երկար սպասված պատասխանը, որը ուղղակի առնչվում է իր հետ:

Հիշեցնենք՝ Փայլակ Հայրապետյանը այն նույն գործարարն է, ում ունեզրկման մասին «Հետք» էլէկտրոնային օրաթերթը բացահայտեց, որ մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը, գործարարը այսպիսով ճանաչվել է տուժող՝ ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում:

«Նոր հարցաքննություն չի եղել: Ոչ մի բան ոչ ոքից չեմ լսել, ոչ ոք չի հերքում եւ նաեւ չի բացառում իմ ասածները, որովհետեւ ես միայն իրականությունն եմ ասում: Իմ ինֆորմացիան հիմա միայն մամուլն է, իմացել եմ, որ Կիպրոսից պատասխան ստացել են, բայց ի՞նչ… Իհարկե տարօրինակ է, որ լռում են, թե չէ ինչի՞ պիտի լռեն, եւ եթե մենք չխոսենք, կանեն այն, ինչ պլանավորել էին, իսկ մենք սխալ բան չենք խոսում, իրավունք էլ չունենք, ես բարոյական իրավունք չունեմ վարչապետի համար սուտ խոսելու, կան տվյալներ` դրա համար էլ խոսում եմ,եթե չլինեն տվյալներ, չէի խոսի, իրենք կխոսեին:

Մենք գործ ունենք մեր երկրի եւ եկեղեցու սպասավորներից առաջատար համարվող դեմքերի հետ, պետության հեղինակությունների հետ գործ ունենք, ես չեմ ուզում մեր երկրի վարկանիշը գցել, ես այդպիսի բան չեմ ուզում, ես մենակ իմ ունեցվածքը վերականգնել եմ ուզում եւ վերջ: Վերջիվերջո, այդ երկրից ենք, պետականորեն որ մտածես, մեզ համար ձեռնտու չէ այս ամենը, բայց ինչ- որ արել եմ, պետության եւ ժողովրդի համար եմ արել: Առաջին իսկ օրից,երբ Հայաստանն անկախացավ, Հայաստան համահայկական հիմնադրամի հիմնադիրներից մեկն եմ ես, այդ ժամանակ մեկ կգ ոսկի եմ տվել իմ տղայի եւ երեխաների հետ միասին: Մենք տվել ենք, որ այս անկախությունը կայանա, պետությունը կայանա, Ղարաբաղ էլ ենք գնացել, կռվել, օգնություն էլ ենք տվել Ղարաբաղին, հիմա ես չեմ ուզենա, որ ՀՀ պատիվը գցեմ: Բայց թույլ չեմ տա, որ մի քանի հոգի սնանկացնեն: Իմ ու իմ երեխաների քրտինքն է, եւ ես չեմ գողացել ու չեմ թալանել, քրտնել ու վաստակել եմ, ինչ որ կառուցել եմ, կառուցել եմ իմ երկրի համար, այս անգամ էլ ներդրել եմ իմ ունեցվածքը, որ աշխատատեղ ստեղծվի»:

Կայքի դիտարկմանը, որ ՀՀ վարաչպետը դիմեց Կիպրոս եւ ցանկություն ունի ապացուցել, որ ինքը չկա այդ գործում, գործարարը անմիջապես ընդհատել է՝ ասելով. «Չի կարող փրկել, չի կարող փրկի իր անունը, որովհետեւ այնտեղ նա գրացված է եւ վերջ, իսկ այն անձը, որ նամակ էր հասցեագրել, թե ես եմ վարչապետին գրանցել, որ կռիշ լինի, դա ավելի վտանգավոր քայլ է: Եթե մեր երկիրը վարչապետի կռիշով պիտի ապրի, դա արդեն հանցագործություն է, ամենամեծ հանցագործությունն է»:

Գործարար Փայլակ Հայրապետյանը ասել է նաև, որ ինքը խիստ կասկածում է, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված նամակի հեղինակը Աշոտ Սուքիասյանն է:

«Աշոտը անգրագետի մեկն էր, եւ նա չէր կարող այդպես գրել, դա գրել են, իսկ ինքը ստորագրել է: Նա էդքան խելք չունի, ավելի շատ ունի՝ գցելու համար, ես ափսոս, որ վերջում եմ իմացել, թե նա ով ա, նա ուղղակի խաբող ժուլիկ է, ես նրան հայ մարդ չեմ համարում:

Սրան հաստատ զանգ են տվել ասել են՝ այ խուլիգան, սաղիս գցեցիր կրակը, սա էլ գրել է, պարզ չէ՞: Ես կարծում եմ, որ այս ամենին հատուկ պետք է արձագանքեր նաեւ մեր Էջմիածնի հոգեւոր հայրը՝ կաթողիկոսը, որ իրա ենթական էր, նա պիտի բացատրեր, թե ինչ է կատարվում հոգեւորականների կյանքում: Եկեղեցին հազարամյակներ շարունակ պետության դեր է խաղացել, այնպես որ չէի ուզենա վարկաբեկել սպասավորներին»:

Փայլակ Հայրապետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում վերահաստատեց իր այն խոսքը, որ հենց գնում էր Աշոտ Սուքիասյանի հետ զրուցելու, պարտադիր նրա տանը հանդիպում էր Ն. արքեպիսկոպոս Կճոյանին, ասաց, որ վերջում նաեւ իրեն հույս է տվել, որ շատ չմտածի, քանի որ լավ է լինելու:

«Ինքը մեկ-երկու անգամ է Բենթլիով եղել, մնացած ժամանակ միշտ իրա ծառայողական մեքենայով էր լինում, խոսակցություններին չէր մասնակցում, հենց գալիս էր, խոսակցությունը դադարեցնում էր, ես գնում էի ընդեղ հարց էի տալիս, այ Աշոտ ջան, երբ է լինելու էդ ապրանքը, որ մենք աշխատենք եւ հասավ այնտեղ, երբ իմ բանկում գրավադրած ունեցվածքը՝ շենքերը, վերցրին: Մի քանի անգամ Կճոյանն ինձ ասել է. «Պարոն Հայրապետյան, մի մտածի, ամեն ինչը լավ ա լինելու»,- ինչ հույս էր տալիս` չգիտեմ: Ինձ համար էդ ամենը մութ էր եւ չէի էլ կարող գուշակել, որ հանրապետության էդ կարգի դեմքերը պիտի ուզենային, որ այդ 10 հազար բանվորը չաշխատեին, էդքան բանը իմ ուղեղում որտեղի՞ց կարող էր լինել: Ես նորից եմ ասում, որ չէի մտածում, որ ե´ւ իշխանության, ե´ւ եկեղեցու էդ կարգի դեմքերը նաեւ կկարողանան ժողովրդին էս օրը գցել, իմ ուղեղում չէր տեղավորվում, բայց արդեն տեղավորվում է»,-ասել է գործարարը:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս