Բաժիններ՝

ՀՀ քաղաքացիության դիմումներն այսուհետ կքննարկվեն 6-ամսյա ժամկետում

Հուլիսի 20-ից ուժի մեջ կմտնեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին ընդունված փոփոխություններն ու լրացումը: Այս մասին տեղեկացնում  է  «Փաստինֆոն»:

Ըստ այդմ, մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիության դիմումների քննարկումը գործնականում չի գերազանցում 6 ամիսը, նվազեցվում է մինչ այժմ գործող՝ մեկամյա ժամկետը:

Այսուհետ ՀՀ քաղաքացիության հետ կապված գործերի քննարկման ժամկետը սահմանվում է մինչև 6 ամիս: Ընդ որում՝ 6-ամսյա ժամկետը կգործի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկելիս:

Օրենքում կատարված լրացմամբ՝ ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, ինչպես նաև անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները համարվում են անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ:

Ըստ այդմ, ամրագրվում է, որ ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ կամ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս