Բաժիններ՝

Օֆշորի սկանդալային գործարքներում բացակայում է վարչապետի ստորագրությունը

«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր տեղեկություններ ձեռք բերել օֆշորի սկանդալային գործարքների վերաբեյալ։ Կայքին հաջողվել է պարզել, որ վարչապետը Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից  «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ հարցում է կատարել Կիպրոսում գործող «ARGYROU & DEMOSTHENOUS» իրավաբանական ընկերության միջոցով։ Կիպրոսի ռեգիստրից բավական ուշագրավ տեղեկություններ են տրամադրել իրավաբանական ընկերությանը։ Վերջինիս փոխանցած տեղեկությունների համաձայն, հիմնադրման պահին ընկերության տնօրենի ֆունկցիաներն իրականացրել է Սոտիրուլա Միքայելը, իսկ քարտուղարությունը՝ Romanos Office Services Ltd ընկերությունը։

10.000 բաժնետոմսերից թողարկվել է ընդամենը 1.000-ը՝ յուրաքանչյուրը 1 եվրո արժողությամբ, որոնք Conmaco Ltd. ընկերության կողմից  սկզբնական շրջանում ձեւակերպվել է երեք անձանց՝ Աշոտ Սուքիասյանի, Սամվել Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի անուններով։ Սակայն, պարզվում է,   որոշ ժամանակ անց, բաժնետերերը փոխվել են եւ, օրինակ, Տիգրան Սարգսյանի անունով ձևակերպված բաժնետոմսերը փոխանցվել են ոմն Է.Սուքիասյանի։ Փոխվել է նաև ընկերության տնօրենն ու քարտուղարությունը և ներկայումս Աշոտ Սուքիասյանն է հանդիսանում ընկերության և տնօրենը, և քարտուղարը:

Կիպրոսից տեղեկացնում են, որ ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ Սամվել Կճոյանը չեն ստորագրել ընկերության Կիպրոսի  Ընկերությունների Ռեգիստրի Դեպարտամենտ և Պաշտոնական Գրասենյակում գտնվող պաշտոնական գործերում առկա փաստաթղթերից որևէ մեկը։ Համենայն դեպս, նրանց ստորագրությունը բացակայում է փաստաթղթերում։ Ավելին, Աշոտ Սուքիասյանն է ստորագրել նաև այն փաստաթղթերը, համաձայն որոնց նա հանդիսանում է ընկերության տնօրեն և քարտուղար՝ 20/11/2012թ.-ից ի վեր։ Ի դեպ, հենց նա է հաստատել նաև Հայաստանի վարչապետի անունով ձևակերպված բաժնետոմսերի փոխանցումը Է.Սուքիասյանին։

Նշենք, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ վերոհիշյալ ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Կիպրոսի իրավաբանական ընկերությունից ստացված հարցման պատասխանն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործին կցելու  և քննության առարկա դարձնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս