«Եթե այսպես շարունակվի, Ռուսաստանի կողմից…». Րաֆֆի Հովհաննիսյան
Գնահատելով Ռուսաստանի իշխանությունների վարքն այն առումով, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթ էին հագցրել դատարան բերելու ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ես համամիտ եմ նրանց հետ, ովքեր հիմնական պատասխանատվության թիրախը ուղղում են Հայաստանին: Մենք ենք մեղավոր՝ մեր ընտրությունների, ժողովրդավարական մեր վիճակի, ազգային շահերը չհետապնդելու առումով: Բայց քանի որ ռազմավարական դաշնակից ենք, մեր ակնկալիքը ավելի բարձր է Ռուսաստանից, քան ուրիշներից: Քանի որ կան այն հատուկ հարաբերությունները, մենք ռազմավարական այդ դաշնակցից ակնկալում ենք ավելին: Դա վերաբերում է «Սմերչին» (Հայաստանի ու Արցախի կործանումը ցանկացող հարևան պետությանը վաճառելուն), գազի գնին, որը կարող էր այլ լուծում ստանալ և կապված է Հրաչյա Հարությունյանի հետ»: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դատապարտելի է Ռուսաստանում նման թիրախավորումը նախկին ազատամարտիկի նկատմամբ, առանց որևէ դատավարության: Նա նշեց, որ ակնկալում է արդար դատավարություն: Ինչ վերաբերում է նրան, որ Հ. Հարությունյանին կանացի խալաթով բերեցին դատարանի դահլիճ, Ր. Հովհաննիսյանը նշեց. «Ես կանանց կողմնակից եմ, կանանց հավասարության, առաջատարության կողմնակից եմ: Խալաթի հետ խնդիր չունեմ, բայց այն, ինչ ես եմ դիտարկել՝ դատապարտում եմ: Դատապարտում եմ որպես հայաստանցի ու ՌԴ դաշնակից պետության քաղաքացի: Եթե այսպես շարունակվի, Ռուսաստանի կողմից… սա հակառուսական չէ՝ հայաստանյան անհրաժեշտություն է: Եթե միլիարդներով զինատեսակներ է ուղարկում մեր ռազմավարական դաշնակիցն այն պետությանը, որը ուզում է ջնջել Հայաստան, Արցախ անունը քարտեզից, Հայաստանը պետք է վերանայի ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը»: Նա հիշեցրեց, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ինքը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության ապագա համակարգը պետք է հիմված լինի ռազմավարական երկկողմանի հարաբերությունների ցանցի վրա: «Սա առաջին հերթին Հայաստանի խնդիրն է ու պետք է չէ քավության նոխազ փնտրել ՌԴ ՕՌՏ կամ ՌՏՌ հեռուստաալիքներում, որովհետև մենք ենք տեղիք տվել»,- նշեց նա:
Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց` իրենք կողմնակից են, որ ՀՀ-ն նախաստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, բայց միաժամանակ նշեց` իրենք կողմ են, որ Հայաստանը դիտորդական առումով Եվրասիական միությունում ներկայություն ունենա: «Կողմ ենք, որ այդ ընտրությունը լինի հօգուտ ասոցացման համաձայանագրի: Վերջակետ: Մենք նախ պետք է տեսնենք, թե ասոցացման պայմանագիրն իրենից ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ է գրված այդտեղ: Եթե միայն առևտրային, տնտեսական հարցերի կարգավորում է՝ սկզբունքորեն համաձայն ենք, եթե ներառում է, որ Թուրքիան պետք է վերանցի իր շրջափակումը՝ ուրեմն այո: Եթե Ասոցացման համաձայնագիրը պետք է որպես գործիք օգտագործվի Արցախում զիջումներ կատարելու հարցում, ուրեմն ոչ: Դրա համար առաջարկում եմ, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը զուգահեռ, եթե ոչ դրանից առաջ, պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը»,- եզրափակեց նա: