Ո՞ր երկրի առողջապահական ոլորտին է վստահում Տիգրան Սարգսյանը. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ բուժման նպատակով եռօրյա հանգստի մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպես էլ պաշտոնապես չգաղտնազերծեց, թե առողջական խնդիրներով որ երկիր է մեկնել: Մինչդեռ հետաքրքիր է իմանալ, թե հատկապես որ երկրի առողջապահական ոլորտին է վստահում վարչապետը ավելի, քան իր կառավարած երկրի առողջապահական համակարգին:
Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների` Տ. Սարգսյանը հետազոտվել է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Սակայն կառավարության ղեկավարի խոսնակը հերքեց լուրը՝ «ոչ»: Այդ դեպքում կասե՞ք, թե որ երկրում է նախընտրում բուժվել կամ հետազոտվել ՀՀ վարչապետը և ինչու Հայաստանի բժիշկներին չի վստահում: Այս հարցին Հարություն Բերբերյանը պատասխանեց.
«Մենք, այդ հարցի հետ կապված, արդեն պարզաբանում տվել ենք և չենք ցանկանում կրկին անդրադառնալ» Դե իհարկե, հո վարչապետի խոսնակն էլ չէ՞ր գովազդելու այլ երկրի կլինիկաները:
Նկատենք՝ միայն վարչապետը չէ, որ բուժվում է արտասահմանում: Մեր երկր նախագահից սկսած՝ գրեթե բոլոր մանր ու միջին չինովնիկները հիվանդանալուն պես վազում են եվրոպական կլինիկաներ՝ ապահով և վերջնական բուժում ստանալու»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: