Սարգսյանի և-և-ը, Ծառուկյանի և-ը

ԲՀԿ-ում դեռևս խորը քննարկումներ տեղի չեն ունեցել Եվրոպական Միությո՞ւն, թե՞ Եվրասիական Միություն հարցի վերաբերյալ: Այս մասին Galatv.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ պատճառը հետևյալն է. «Ես ինքս շատ արհեստածին եմ համարում այս դիլեման և ասեմ, թե ինչու, որովհետև, ըստ էության, ի՞նչ է Եվրասիական Միությունը և ի՞նչ է այն իրենից ներկայացնելու, դեռևս որևէ մեկը այդ հարցին միանշանակ պատասխան տալ չի կարող, և հիմա ասել, թե Հայաստանը կանգնած է դիլեմայի առաջ, ես չեմ տեսնում: Ի վերջո Եվրասիական Միության վերաբերյալ կա մի տեսլական, հռչակագիր, բայց թե կոնկրետ որոնք են մեխանիզմները, ինչ կերպ է աշխատելու, որն է լինելու Հայաստանի շահը…»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

«Երկրորդ դեպքում՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի դեպքում խորը, համապարփակ առևտրի պայմանագրի դեպքում ամեն ինչ շատ հստակ է, թե ինչ է ստանալու Հայաստանը ասոցացման պայմանագիրը նախաստորագրելով, բնականաբար ես պետք է ասեմ, որ հիմնական պրոցեսը սկսվելու է Վիլնյուսից հետո: Մինչև Վիլնյուսը ԵՄ-ն կարող էր բավարարվել իշխանությունների դեկլարատիվ հայտարարություններով կամ խոստումների մակարդակով»,- կարծիք է հայտնել Ն. Զոհրաբյանը: Վերջինս հիշեցնում է Շտեֆան Ֆյուլեի ասուլիսում հայտնած այն միտքը, թե եթե ինչ-որ բան չստացվի, ապա Հայաստանին դատի կտա: Նաիրա Զոհրաբյանը միևնույն ժամանակ նշում է, որ Շ. Ֆյուլեն հետո ասել է, որ դա կատակ է եղել:

«Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Վիլնյուսից հետո, երբ որ կգա իրական պատասխանատվության և իրապես գործողություններ կատարելու փուլը, որևէ իմիտացիաներ, որևէ ձգձգումներ, գեղեցիկ, դեկլարատիվ հայտարարություններ՝ ախ, ինչքան լավ է եվրոպական ինտեգրացիան, և մենք ինչպես ենք մղվում եվրոպական ընտանիք, այդ մակարդակը չի անցնելու, գալու է կոնկրետ քայլեր կատարելու ժամանակը: Կամ դու վերացնում ես քո մոնոպոլ տնտեսությունն ու իրապես քո տնտեսության թոքերը բացում ես, և հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում, կամ այս ամենը չի հանդուրժվելու»,- զրույցում ասել է Ն. Զոհրաբյանը:

Սա, ըստ ԱԺ պատգամավորի, այս պահին միակ և արդյունավետ գործիքն է Հայաստանի ներքին ժողովրդավարության հարցերը լուծելու, ամենակարևոր հարցերը՝ կոռուպցիայի հետ կապված հարցերը լուծելու, որովհետև իրականում, երբ որ նախաստորագրվում է մի փաստաթուղթ, որից հետո՝ կիրառման փուլը, որևէ մեկին այլևս հնարավոր չի լինելու խաբելու ինչ-որ դեկլարատիվ հայտարարություններով, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, երբ որ իրականում կոռուպցիայի ցուցանիշները, մենք տեսնում ենք, որ ցանկացած մակերեսային վիճակում աճում է»,- ասել է նա: Նրա գնահատմամբ՝ այդ ժամանակ կգա իրական պատասխանատվության ժամանակը: Այստեղ մեծ դեր է խաղալու նաև ԱԺ-ն, քանի որ պրոցեսները զարգանալու են նաև խորհրդարանում, ասել է Ն. Զոհրաբյանը:

Հարցին, թե գագաթնաժողովից հետո հայաստանյան իշխանությունները այլևս չեն կարող մանևրել, ԲՀԿ խմբակցության քարտուղարը ասել է. «Այո, ես միանշանակ վստահ եմ, ու դա շատ լավ է, որովհետև կգա իրական պատասխանատվության ժամանակը, կամ դու այս ամենը անում ես, կամ չես անում, անում ես, այլ հեռանկար է բացվում Հայաստանի առջև, չես անում, վստահեցնում եմ ձեզ, որ իրապես լրջագույն սանկցիաների ժամանակ է գալիս, քանի որ, եթե նախկինում ինչ-որ բաների վրա աչք է փակվել, այլևս այդպես չի լինելու»:

Ինչ վերաբերում է իշխանական թևի ներկայացուցիչների այն պնդումներին, թե իրենք կողմ են և՛-և՛ սկզբունքին, Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես այդտեղ որևէ հակասություն չեմ տեսնում, որովհետև և՛-և՛ ես դեռ վերջնականապես չեմ տեսնում: Ինձ համար մյուս և-ը՝ ԵՄ-ն, դեռևս բացարձակապես հասկանալի չէ՝ այդ կառույցը ինչ է իրենից ներկայացնելու, որն է նրա ՕԳԳ-ն անդամ երկրների համար: Այլ հարց է, որ, այո, մենք չպետք է փորձենք տնտեսական ինտեգրացիոն գործընթացները հակադրել իրար, պիտի փորձենք համադրելի եզրեր գտնել»:

Այս հարցի առնչությամբ ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նախ նա նշել է, թե ով է ասել, որ Հայաստանը Եվրամիության պետք է անդամակցի: «Ասոցացման պայմանագիրը մի բան է, ԵՄ-ին անդամակցելը մի բան է: Մենք գնում ենք դեպի Վիլնյուսի վեհաժողով, որտեղ, եթե ամեն ինչ նորմալ լինի, նախաստորագրենք այդ համաձայնագիրը»: Է. Շարմազանովը մեկ անգամ ևս վերահաստատել է Սերժ Սարգսյանի այն միտքը, թե Հայաստանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել ոչ թե կա՛մ-կա՛մ, այլ և՛-և՛ սկզբունքով:

Galatv.am, Փայլակ Ֆահրադյան

Տեսանյութեր

Լրահոս