Կրեմլի բառաչն ու Բաղրամյան 26-ի լռությունը. մամուլ (տեսանյութ)
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու օր է Ռուսաստանի իշխանությունների գիտությամբ և հրահանգով աննկարագրելի ծաղրի է ենթարկվում շաբաթ օրը ՌԴ-ում 18 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի կիզակետում հայտնված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, իսկ պաշտոնական Երևանը լուռ է:
Այն, որ ՀՀ քաղաքացու նվաստացումը կատարվում է ՌԴ բարձրագույն իշխանության հրահանգով, ակնհայտ դարձավ երեկ, երբ Ռուսաստանի պետական «Ռոսիա 1» հեռուստաալիքի հիմնական լրատվական թողարկման «Վեստիի» ժամանակ ռեպորտաժ ցուցադրվեց ողբերգական ավտովթարի և Հրաչյա Հարությունյանի կալանավորման մասին:
Եվ եթե մինչև երեկ կարող էին թեկուզ չնչին կասկածներ լինել, որ նախորդ օրը ՀՀ քաղաքացուն խալաթով և չստերով դատարան տանելն ընդամենը հանգամանքների բերումով է եղել, ապա «Վեստիի» ռեպորտաժից հետո այդ կասկածներն իսպառ վերեցան:
Ռեպորտաժի ընթացքում ասվեց և ցուցադրվեց ավելին, քան խալաթով կադրերն էին: Նյութի հեղինակը, «Ռոսիա 1»-ի առաջատար լրագրողներից մեկը՝ Օլգա Սկաբեևան խոսելով ՀՀ քաղաքացու մասին իրեն թույլ տվեց այնպիսի տոնայնություն ու արտահայտություններ, որ չէին կարող հանգամանքների բերումով կամ պատահականություն լինել: «Հարությունյանը ոչ մի անգամ հայացքը չբարձրացրեց: Նրա բառաչը (այսպես են ասում քննիչները) և առավոտյան ցուցմունք տալուց հրաժարվելը առողջական վիճակի հետ հաստատ կապ չունեն, դերասանություն են»,- ատելությամբ, քամահրանքով և զզվանքով լի տոնայնությամբ իր այս տեքստն էր կարդում ՌԴ պետական հեռուստաալիքի առաջատար լրագրողը:
Ով ով, բայց Հայաստանի իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ Բաղրամյան 26-ում նստողները շատ լավ գիտեն, որ «Ռոսիա 1»-ի թողարկումն ուղիղ համեմատական են Կրեմլում տիրող տրամադրությունների հետ և չի կարող նման աղմկոտ միջպետական և միջազգային նշանակության գործով ռեպորտաժ սփռվել առանց Կրեմլի գիտության և համաձայնության: Դա նույնն է թե «Հայլուրով» ռեպորտաժ հեռարձակվի առանց Բաղրամյան 26-ի գիտության:
Եվ որն է Կրեմլի վարքագծին ՀՀ իշխանությունների արձագանքը, ոչինչ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ» այսօրվա համարում;