Բաժիններ՝

Առանձնապես խոշոր չափերի ադամանդ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Ա.Փափազյանը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերի մաքսանենգություն:

Այսպես` քրեական գործի նյութերի համաձայն` Ա.Փափազյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն` Ա.Գասպարյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող «AL Nobala Diamond» ընկերությունից ձեռք բերված, անհատ ձեռնարկատեր Ռ.Ռուբենյանին պատկանող 2702,742 կառատ խոշոր չափերի` 438.335.061 ՀՀ դրամ արժեքով ադամանդները պոլիէթիլենային տոպրակում փաթեթավորած վիճակում 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայան:

Այնուհետև Ա.Փափազյանի հանձնարարությամբ, առանց մաքսային ձևակերպման ու հայտարարագրելու Ա.Գասպարյանը դրանք հանձնել է ուղևորների սպասարկման սրահում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կ.Գալստյանին:

Ըստ քրեական գործի նյութերի` Ա.Փափազյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մաքսային տեսուչ Կ.Գալստյանին հանձնարարել է Ա.Գասպարյանի փոխանցած փաթեթը դուրս հանել մաքսային հսկողության գոտուց և դնել օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի մեջ:

Կ.Գալստյանը, կարծելով, թե փաթեթում Ա.Փափազյանի համար նախատեսված անձնական իրեր են, կատարել է վերջինիս հանձնարարությունը. ադամանդներով փաթեթն առանց մաքսային հսկողության և հայտարարագրելու դուրս է բերել մաքսային հսկողության գոտուց, դրել նրան պատկանող ավտոմեքենայի մեջ, ինչը նույն պահին հայտնաբերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Փափազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Կ.Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս