Վարդան Ղուկասյանը ներկայացավ դատարան
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: 27-ամյա այս երիտասարդին սպանեցին հենց իր նշանադրության օրը, նա պատրաստվում էր նշանվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:
Այս գործը քննվում է դատարանում արդեն մի քանի ամիս, այս ընթացքում հարցաքննվել են գրեթե բոլոր վկաները: Այսօր դատարան է ներկայացել նաեւ Վարդան Ղուկասյանը: Նրա՝ դատարան ներկայանալուց հետո գործը քննող դատավոր Մարտին Սարոյանը դատարանի դահլիճից դուրս է հրավիրել բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ոչ միայն արգելել են տեսաձայնագրել, այլեւ լրագրողներին եւս ասել են, որ դատարանի դահլիճից դուրս են գալու: ԳԱԼԱ-ի թղթակցի այն հարցին, թե նիստը դռնբաց է, եւ լրագրողն էլ ՀՀ քաղաքացի է ու իրավունք ունի ներկա գտնվելու դռնբաց նիստին, դատավոր Սարոյանը պարզապես խնդրել է, որ լրագրողներն ազատեն դահլիճը:
Սակայն մի քանի րոպե անց դարձյալ լրագրողները ներս են հրավիրվել: Ինչպես փոխանցում էԳԱԼԱ-ի թղթակիցը՝ Վարդան Ղուկասյանը ասել է, որ ինքը չի ցանկանում պատասխանել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին: