ՀՀ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առիթով
Սույն թվականի հուլիսի 15-ին էլեկտրոնային լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքով անցնող ջրանցքում արձանագրվել է ձկների զանգվածային ոչնչացման դեպք: Վերոհիշյալ տեղեկատվության հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունում բացվել էր թեժ գիծ և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել՝ ուսումնասիրել մամուլում տարածված ահազանգը:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրության արդյունքում Դալար համայնքի վարչական տարածքի մակերևութային ջրերում հայտնաբերել և արձանագրել են ձկների զանգվածային ոչնչացման փաստ:
«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 287, 292 և 293 հոդվածների համապատասխան, որպես հանցագործության հատկանիշներ պարունակող դեպք, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանություն: Տեսչության տարածքային բաժնի անալիտիկ լաբորատորիաների աշխատակիցները իրականացրել են վերոհիշյալ համայնքի մակերևութային ջրերի նմուշառում, ինչպես նաև հետազոտման համար վերցրել են սատկած ձկների նմուշներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ բնապահպանության նախարարությունը կտեղեկացնի լրացուցիչ:
ՀՀ բնապահպանության նախարարություն