«Լիսկան ասում է՝ ես էլի ես եմ. այգեպանին կապտակեմ, իսկ իմ եղբոր որդին մարդ պիտի դանակահարի»
«Նոր եմ վերադարձել Սյունիքից, և կարող եք բոլորդ հույսներդ կտրել. Լիսկան էլի էն հին Լիսկան է, ոչինչ չի փոխվել, ինքը ասում է՝ ես Լիսկան եմ, էլի մարդ է ապտակում՝ այգեպանի, իր եղբորորդին էլի կռիվներ է սարքում ու դանակահարում իր քեֆի ընկերներին»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի 4-րդ դպրոցի նախկին տնօրեն և պատերազմի տարիներին ռազմական թղթակից Հասմիկ Բաբաջանյանը, ով ներկայում ապրում է Երևանում և հեռացել է Գորիսից հենց Սուրիկ Խաչատրյանի հետապնդումների պատճառով:
Նա մեկ անգամ արդեն ԳԱԼԱ-ին հարցազրույց է տվել և հետաքրքիր բացահայտումներ արել, որ Գորիսում բազում հանցագործություններ կան քողարկված, որոնց կնքահայրը Սուրիկ Խաչատրյանն է, և գերեզմաններ կան, որոնց առաջ պարտավորություն ունի նույն ինքը՝ Հասմիկ Բաբաջանյանը, որ գնալու է կանգնելու ու գերեզմանների առաջ մրմնջալու, որ հանցագործը բռնված է, հանցագործությունը բացահայտված է…
Նա երեկ ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ, ցավոք, դեռ ոչինչ նա ավել չի կարող ասել, քանի դեռ Սուրիկ Խաչատրյանի «ձեռք ու ոտքը կապված չէ», և ավելին, Սյունիքում ոչինչ չի փոխվել:
«Ես ոչինչ հիմա դեռ չեմ կարող ասել, քանի որ ոչինչ չի փոխվել: Ներկա դրությամբ ինքը նորից նույն Սուրիկ Խաչատրյանն է, նա, ում կանչեցին մարզպետին նշանակելու համար, երեկ էլ Քաջարանում մի հոգու էլի ապտակել է, եղբոր տղայի մասնակցությամբ էլ դանակահարություն է եղել: Այո, խոսքը Լիսկայի եղբորորդու մասնակցությամբ ինչ-որ ծեծկռտուքի մասին է, այդ մասին Սյունիքում բոլորը խոսում են, լրատվամիջոցներն էլ գրում են, ի՞նչ… ինքն էլ՝ Սուրիկ Խաչատրյանը, ինչ-որ քեֆի ժամանակ այգեպանի, որը նրան համապատասխան վերաբերմունք ցույց չի տալիս, մի հատ ապտակում է, դրա մասին էլ են գրում, և ի՞նչ… Նշանակում է՝ ոչ մի բան էլ չի փոխվել»:
Գորիսի 4-րդ դպրոցի նախկին տնօրենը ասում է, որ ինքը զարմացած է, թե ինչպե՞ս է հնարավոր, ինչպե՞ս կարելի է այսքան ժամանակ անպատիժ թողնել մի մարդու, որի հանցանքների մասին խոսում են ամբողջ հանրապետությունով, իսկ Սյունիքում մարդիկ վախից են միայն լռում:
«Այո, որ ասում են վախեցած չեն, կապանցիները միգուցե, իսկ գորիսցիների մասին ո՞վ կարող է ասել, որ վախեցած չեն… Բուդաղյանի գործի հետ կապված ինքը ցույց է տալիս, որ ինքը դեռ կա, ես չեմ պատկերացնում, չեմ հավատում, որ սրան նախագահը կարող է էդ աստիճան ձեռքերը բաց թողնի, ասի՝ ինչ անում ես, արա: Փաստորեն Բուդաղյաններին արդեն մեղադրվող կողմ են վերցնում, էլ ի՞նչ սրանից ավելի:
Ինչ մնում է նոր մարզպետին՝ Վահեին, բոլորն են ասում, որ Սուրիկի խոսքն է լինելու, Վահեն գործող մարզպետն է լինելու, իսկ ասողը Սուրիկն է, Սուրիկի խոսքն է լինելու: Իսկ Վահեն, կտեսնեք, կարճ ժամանակ հետո կդառնա նրա «բեղից վեր ընկած բրինձը», կհավասարվի զրոյի, կանվանարկվի: Ինքը դրան է գնում, հիմա էլ հասկացնում է, ասում է՝ ես էլի ես եմ. այգեպանին կապտակեմ, իսկ իմ եղբոր որդին մարդ պիտի դանակահարի»: