Բաժիններ՝

Համայնքի արդեն նախկին ղեկավարը մեղադրվում է յուրացման մեջ

2005-2012թթ. Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղական համայնքի ղեկավար պաշտոնավարած Հրաչիկ Բալոյանին  յուրացման մեղադրանք է առաջադրվել: Այսպես, ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն համայնքի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ Վարդուհի Խաչատրյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ  կեղծ գրառումներ կատարելով, յուրացման եղանակով կատարել է ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության՝ Հ.Բալոյանը գյուղապետարանի շենքը չի վերանորոգել, 320.000 ՀՀ դրամ արժողության շինանյութը և  գործիքները յուրացրել է՝ գյուղապետարանին պատճառելով զգալի չափի՝ 320.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Վարդուհի Խաչատրյանին, ով 2005թ.-ից  մինչև օրս աշխատում է Վարդաղբյուր գյուղական համայնքի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ, մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ 2010-2012թթ. օժանդակել է  համայնքի ղեկավար Հ.Բալոյանին՝ շահադիտական նպատակով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ կատարելով, յուրացման եղանակով ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելուն:

Իսկ 2010թ.-ից  մինչև օրս Վարդաղբյուր գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Ազնիվ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա համայնքի ղեկավար Հ.Բալոյանի հանձնարարությունները կատարելու դրդումամբ կազմել է կեղծ արձանագրություններ,  վավերացրել ստորագրությամբ և կնիքով:

Հրաչիկ Բալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին և երրորդ կետերով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը և 314-րդ հոդվածով՝  Պաշտոնեական կեղծիքը:

Վարդուհի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին և երրորդ կետերով՝  պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը և 314-րդ հոդվածով:

Ազնիվ  Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով:

Գործն ընդունվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին  Սարոյանի վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս