Դավիթ Հարությունյան. Ստորագրում եմ Կիպրոսի դատախազի յուրաքանչյուր խոսքի տակ
ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը իրականությանը չհամապատասխանող է համարում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե ԱԺ նախագահ-ՀՀ վարչապետ հարաբերությունները լարված են: «Բացարձակ նման կերպ չեմ կարծում»,- ըստ ԳԱԼԱ-ի՝ ՀՀԿ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չանդրադարձավ օֆշորային սկանդալին օրեր առաջ նախագահական նստավայրում հրավիրված խորհրդակցության ժամանակ՝ նկատի ունենալով նաև Կիպրոսի դատախազի հայտարարությունը, Դ. Հարությունյանը ասել է. «Կարծում եմ՝ տարօրինակ չէ նախագահի չանդրադառնալը, այդ հարցում մի պատճառով՝ հարցը կարծես թե հայտնվել է դատախազության տիրույթում, իսկ երբ որ ցանկացած հարց գտնվում է դատախազության տիրույթում, կարծում եմ, որ որևէ լուրջ քաղաքական գործիչ զերծ կմնար նման հարցին անդրադառնալուց: Երբ որ դատախազությունը հանդես գա հայտարարությամբ և իր գնահատականներով, կարծում եմ, որ քաղաքական գործիչները կունենան պատեհ պահը իրենց դիրքորոշումը արտահայտելու»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ իրավունք չունի չհավատալու Կիպրոսի դատախազի հայտարարությանը, Դ. Հարությունյանը ասել է. «Իհարկե, ես իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազի ասածներին, սակայն ուշադրություն դարձրեք՝ Կիպրոսի դատախազը վերջում ասաց մի կարևոր նախադասություն՝ որևէ կոնկրետ գործի վերաբերյալ կարծիք հայտնելու համար ես պետք է ծանոթ լինեմ գործի նյութերին, ուրեմն՝ Կիպրոսի դատախազին ես չհավատալու որևէ հիմք չունեմ, բայց միաժամանակ ստորագրում եմ Կիպրոսի դատախազի յուրաքանչյուր խոսքի տակ, որ որևէ կոնկրետ գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար պետք է ծանոթանալ տվյալ գործին»:
«Հավատո՞ւմ եք վարչապետին» հարցին նա պատասխանել է. «Նախ և առաջ ասեմ, որ ես վարչապետին հավատում եմ, յուրաքանչյուր գործի պայմաններում անհրաժեշտ է ծանոթանալ գործի բոլոր հանգամանքներին, գործը դատախազությունում է, և այն բոլոր գործերին համարժեք գնահատական է տրվելու»:
Կարդացեք այստեղ.