Մեղադրողը պահանջեց 6 տարվա ազատազրկում՝ մորն ու տատիկին խոշտանգելու համար
Մեղադրողը պահանջեց 6 տարվա ազատազրկում՝ մորն ու տատիկին խոշտանգելու համար
Որդու և հարսի կողմից մորն ու տատիկին խոշտանգելու գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա նիստին մեղադրող դատախազը միջնորդեց գործով ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի` Գուրգեն Գրիգորյանը իր կնոջ` Սյուզաննա Գրիգորյանի հետ, տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով, խոշտանգել են Գ.Գրիգորյանից նյութական և այլ հարազատական կախվածության մեջ գտնվող վերջինիս մորը` Թագուհի Գրիգորյանին,և տատիկին` Նազիկ Կարապետյանին: Գրիգորյանը պարբերաբար վիճել է մոր հետ, հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել և թքել մոր վրա: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Սյուզաննա Գրիգորյանի նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեղադրող դատախազը միջնորդեց, որ դատարանը ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանի պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի առնել այն, որ նա ունի մինչև 14 տարեկան երեխա:
Գործով մյուս ամբաստանյալ Սյուզաննա Գրիգորյանին դատախազը միջնորդեց դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանական չկիրառել և սահմանել փորձաշրջան` 2 տարի ժամկետով:
Մեղադրող դատախազի ճառի ընթացքում պարզվեց, որ ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանը իրեն լավ չի զգում և որ մինչ նիստը սկսվելը նրա համար շտապօգնություն է կանչվել, սակայն այդ մասին դատավորին չէին տեղեկացրել:
Դատավորի հարցին ի պատասխան` ամբաստանյալը հայտնեց, որ ինքնազգացողության վատ լինելը պայմանավորված է զարկերակային ճնշմամբ:
Դատական նիստը հետաձգվեց` ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին: Ճառով հանդես կգան տուժողը և տուժողի ներկայացուցիչը: