Վասիլի Կորչմարը՝ զենքի վաճառքի մասին. Կրկնե՞մ այն, ինչ ասել է մեր ղեկավարությունը

Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին մեծաքանակ զենք-զինամթերքի վաճառքի մասին ԳԱԼԱ-ն այսօր զրուցել է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարի հետ, ով, ըստ էության, չի ցանկացել ծավալվել այս հարցով:

«Արդեն այնքան շատ է գրվել այդ մասին, որ այլևս ցանկություն չունեմ մեկնաբանելու: Որևէ բան ասել ես անիմաստ եմ համարում, հասկանո՞ւմ եք, երբ Ռուսաստանի ղեկավարությունը իր դիրքորոշումը ներկայացրել է, այլևս մեկնաբանության իմաստ չկա: Ի՞նչ է, կրկնե՞մ այն, ինչ ասել է մեր ղեկավարությունը: Այստեղ էր Պատրուշևը, և նա իր պաշտոնական դիրքորոշումը ներկայացրել է»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը անցած ամիս՝ հունիսի 24-ին այցելել էր Հայաստան, այնուհետև այցելել էր Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազա: Նա Գյումրիում Պատվո բլուր կոչվող հուշահամալիրում ԳԱԼԱ-ին հայտնել էր իր պաշտոնական տեսակետը Ադրբեջանին զենքի վաճառքի մասին՝ ասելով.

«Գիտեք, Ռուսաստանը առևտրային հարաբերություններ ունի բոլոր երկրների հետ, և ցանկացած երկիր, որը զենք գնելու ցանկություն կունենա, հնարավորություն կստանա օրենքի սահմաններում Ռուսաստանի Դաշնությունից զենք գնել»:

Վասիլի Կորչմարը ավելացրել է նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: «Բարեկամական, ավելին ասեմ, որ եղբայրական հարաբերություններ են, մենք ռազմավարական գործընկերներ ենք: Եվ սրանով ամեն ինչ արդեն ասված է, և ևս մեկ անգամ նույնը կրկնելու իմաստ չեմ տեսնում»:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս