Նախագահը ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Այն «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում: Հանրապետության Նախագահը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան և հին ավանդական ոճով կառուցված հյուրանոցի պայմաններին, առաջարկվող ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին:
Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացրել են, որ մայրաքաղաքի «Թուֆենկյան ավանդական Երևան» hյուրանոցային համալիրի նախագծման աշխատանքներին մասնակցություն են ունեցել հայ և ամերիկացի հայտնի ճարտարապետներ և դիզայներներ: Հյուրանոցի ոճը, ներքին հարդարանքը, կահավորանքը, խոհանոցը համապատասխանում են Թուֆենկյան ընկերության գաղափարախոսությանը` հին ավանդական ոճի պահպանման միջոցով հասնել ժամանակակից հարմարավետության և բարձր որակի: Հյուրանոցը կառուցվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին հատուկ երևանյան ճարտարապետության ոգով՝ սև տուֆից, նարնջագույն տուֆի համադրմամբ:
Նշվել է, որ «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը այսպիսի ձեռնարկների իրագործմամբ նպատակ ունի ստեղծել ավանդական հյուրանոցների այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանի բնաշխարհը, հազարամյա հայկական մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաև բարձրակարգ, միջազգային հյուրանոցային չափանիշները ներդաշնակ ամբողջություն կկազմեն և համապատասխանաբար կնպաստեն հյուրանոցներին հարող շրջանների տնտեսական և մշակութային զարգացմանը: Ծրագրի նպատակներից է նաև օտարերկրացիներին Հայաստանը ներկայացնել իր հնագույն ավանդույթներով, ճարտարապետությամբ, արհեստներով, պատմամշակութային հուշարձաններով, գեղատեսիլ բնությամբ և ավանդական խոհանոցով:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է համալիրի բացման կապակցությամբ, ողջունել նման նախաձեռնությունները և հաջողություններ մաղթել «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում: