Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ-վարչապետ «պատերազմի» մասին
Օրերս ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, թե Դաշնակցության ներսում լարվածություն կա, որովհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը «պատերազմ» է հայտարարել իրենց: 168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե համամի՞տ է, որ իրենք պատերազմում են Տիգրան Սարգսյանի հետ: Ի պատասխան նա նշեց. «Ո՞վ է ասել պատերազմ վարչապետի հետ: Մենք որևէ մեկի հետ որևէ խնդիր չունենք: Մի բան իմացեք` Դաշնակցությունն իր քայլերը, իր որոշումները անում է ինքնուրույն: Այս առումով ես շատ հանգիստ եմ»:
Նրա խոսքով, եղել է Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին, որին հաջորդել է վարչապետի արձագանքը և այսքանով պետք է բավարարվել: «Ձեր վերլուծությունները, գնահատականները քննարկեք այս երկու տեքստերի հիման վրա: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը` ապա կրկնեց. «Այս կոնտեքստում ավելացնելու ոչինչ չունեմ: Եթե ուշադիր կարդաք Բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցն ու ուշադիր կարդաք վարչապետի կարճ արձագանքը, ինքներդ կկարողանաք վերլուծել»:
Լրագրողների հարցին, թե, այնուամենայնիվ, ղեկավար մարմինների փոփոխություն հնարավո՞ր է, նա նշեց. «Իհարկե, հնարավոր է: Ժողովուրդ ջան, Դաշնակցությունը կենդանի, ապրող կառույց է և ի տարբերություն շատերի` առողջ կառույց է, որտեղ անընդհատ քննարկումներ են լինում, տեսակետների բախումներ, մտքեր են առաջանում: Մեզ համար այսօր իսկապես նման շրջան է: Ուզե՞նք թե՞ չուզենք, անկախ համապետական վերջին ընտրությունների մեր գնահատականներից, մենք խնդիրներ ունենք: Մենք երեք ընտրություններում մեծ հաշվով ձախողվել ենք, ու բնական է, որ ներսում մենք քննարկում ենք` թողնենք մի կողմ ընտրությունների բնույթը, վարչական ռեսուրսը, բայց մի բան մեզ մոտ էլ է սխալ: Մենք այս քննարկումների մեջ ենք, իսկ սրանք առողջ քննարկումներ են»:
ՀՅԴ պատգամավորի հավաստմամբ, ոչ առաջին օրն է, որ փորձում են Դաշնակցության մեջ պառակտումներ գտնել, ոչ էլ վերջին, բայց նա հորդորեց հանգիստ լինել` գնահատելով այս ամենը կուսակցության համար դինամիկ զարգացում: Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե վարչապետ-ՀՅԴ «պատերազմը» օֆշորային սկանդալի ֆոնին է ստեղծվել և ամեն ինչ սկսկել է նրանից, որ ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը դիմել են օֆշորային պատմությանը չանդրադառնալու պահանջով, լրագրողները հետաքրքրվեցին, թե չինովնիկները հաճա՞խ են խառնվում հեռուստաընկերության աշխատանքներին, ինչին ի պատասխան Աղվան Վարդանյանն ասաց. «Ի՞նչ չինովնիկ: «Երկիր Մեդիան» անկախ հեռուստատեսություն է, դիմեք իրենց, իրենք կպատասխանեն»: