Ս. Խաչատրյանի «հարազատ» ընկերը` Մաքսիմ Հակոբյանը խոսել է Սյունիքի կրակոցների, Սուրիկ Խաչատրյանի և վախի մթնոլորտի մասին

Հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած կրակոցների օրը Բուդաղյաններին և Սուրիկ Խաչատրյանին Սյունիքում մեկտեղել և միջոցառման էր հրավիրել Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն է և Սուրիկ Խաչատրյանի 30 տարվա «հարազատ» ընկերը: Այս մասինԳԱԼԱ-ին ասել է Սյունիքի ներկայիս մարզպետի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավո Բուդաղյանին և մյուսներին հրավիրել է Սդղի լիճ՝ հացկերույթի, որից ժամեր անց էլ մարզպետի տան մոտ տեղի է ունեցել արյունոտ միջադեպը։

Մաքսիմ Հակոբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ նա հրավիրել էր հյուրերին գործարան, հետո Մեղրի են գնացել, Սյունիքի վայրի բնությունն են վայելել, ճանապարհին էլ մի կտոր հաց են կերել, որից 10 ժամ անց կրակոցներ են հնչել Սյունիքում:

«Միջոցառումը տասը ժամ առաջ է եղել, ցերեկը միջոցառում է եղել, միջոցառում էլ չի եղել, սովորական փոքրիկ հավաքույթ է եղել, դրանից 10 ժամ հետո նման բաներ է կատարվել, դրա հետ ես ի՞նչ կապ ունեմ: Մեր հանդիպումը 9-10 ժամ առաջ է եղել: Ոչ մի բան էլ չի եղել այդ ժամանակ, սովորական գնացել ենք զավոդ, հետո ճամփին նստել, մի կտոր հաց ենք կերել, անցել-գնացել են: Գործարանում ենք եղել, Մեղրիի մեջ ենք եղել, այսինքն եկել են տարածաշրջանում մեզ մոտ: Բացարձակապես բան չի եղել, աշխատանքային թեմաներով զրուցել ենք, բացի քաղցր խոսքերից ուրիշ ոչ մի բան էլ չի եղել: Իսկ եթե ուրիշ բան կասեն, նշանակում է սխալ բաներ են ասում: Կերուխում էլ չի եղել, ի՞նչ կերուխում, մի կտոր հաց ենք կերել, թողել գնացել»,- ասել է միջոցառման կազմակերպիչ Մաքսիմ Հակոբյանը:

Նշենք, որ այսօր Սյունիքում տեղի է ունեցել մարզպետի նշանակման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով նոր մարզպետ՝ ընկերոջ որդի Վահե Հակոբյանին ուղղված խոսքում ասել է, որ շատ ուրախ է և ավելացրել. «Կարծում եմ բոլորս միասին ուրախ ենք, որովհետև նույն թիմում ենք, երկրի քաղաքական նույն թիմն է, ոչ մի փոփոխություն չկա»:

Կայքի դիտարկմանը, թե արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանը ճիշտ է ասել՝ Վահե Հակոբյանը իսկապես նրա թիմից է և փոփոխություն չկա, Մաքսիմ Հակոբյանն ասել է միայն, որ ինքն ու Սուրիկ Խաչատրյանը 30 տարվա «հարազատ» ընկերներ են:

«800 անգամ ասել եմ՝ Սուրիկ Խաչատրյանի հետ ավելի քան 25-30 տարի մենք ընկեր ենք, մենք ոչ միայն մոտ ընկերներ ենք, այլև ընտանիքով մոտ հարաբերությունների մեջ ենք եղել»:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս