Բաժիններ՝

Սյունիքի մարզպետի նշանակման որոշումը կկայացվի վաղը

Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին որոշման հարցն ընդգրկվել է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Հիշեցնենք,որ հուլիսի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում էր կայացվել Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն` Վահե Հակոբյանին:

Նշենք, որ Սահմանադրության համաձայն` նոր մարզպետի նշանակման մասին որոշումն ուժի մեջ է մտնելու միայն Հանրապետության Նախագահի կողմից վավերացվելուց հետո:

Դրանից հետո, ինչպես արդեն հայտնել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, թափուր կմնա ԱԺ-ի թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորի մանդատը, որը 2004թ. ի վեր զբաղեցրել է Վահե Հակոբյանը:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում:

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ: Դրանք անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով և այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս