Բաժիններ՝

Կախված զինծառայողի մարմինը «մաքուր» է եղել. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Սյունիքի Շաղատ գյուղում հողին էին հանձնում հուլիսի 5-ին ինքնասպան եղած զինվոր Գաբրիել Լալազարյանի դին: Նա 19 տարեկան էր և զորակոչվել էր հայկական բանակ 2012 թվականին:

Մեր տեղեկություններով, Գաբրիելը ծառայությունը կրում էր Ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, ինչը հաստատեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա այստեղ է տեղափոխվել Արմավիրի մարզի մեկ այլ զորամասից: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ օրը Գաբրիելը հերթապահել է ճաշարանում, որտեղ և նրան տեսել են վերջին անգամ: Մի քանի ժամով նա անհետացել է ընկերների տեսադաշտից, իսկ երեկոյան ժամը 22-ի սահմաններում զինվորի մարմինը գտել են ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում:

Զորամասին մոտ տեղեկացված աղբյուրը հաղորդում է, որ տղայի մարմնի վրա հայտնաբերված միակ վնասվածքը պարանոցի շրջանում սավանի հետքն է եղել: Մարմնի մնացած մասերը «մաքուր» են եղել: Բանակային ծառայության ընթացքում Գաբրիելը մեկ անգամ էլ է ինքնասպանության փորձ կատարել՝ կտրել է երակները, երբ դեռ Արմավիրի մարզում է ծառայելիս եղել:

Այն ժամանակ հաջողվել է տղային փրկել: Այդ դեպքից հետո նա տեղափոխվել է Կանազի հոգեբուժարան, քանի որ հոգեկան խնդիրներ է ունեցել: Արդյո՞ք այդ խնդիրները ծառայության ընթացքում են առաջացել, թե՞ ավելի վաղ են ի հայտ եկել, և երիտասարդը հոգեկան հիվանդությամբ է տառապել դեռևս զորակոչվելուց առաջ, հետևապես, նրան ապօրինաբար են բանակ տարել՝ այս հարցին փորձում է պատասխանել նախաքննական մարմինը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս