Ընդդիմությունը չի շտապում կողմնորոշվել

Հինգշաբթի օրը՝ հուլիսի 4-ին ՀՀԿ գործադիր նիստից հետո հայտարարվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված հանրապետական պատգամավոր Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու մասին:

Փաստորեն, առաջիկայում արդեն թափուր պատգամավորական աթոռ է մնալու, այն էլ այնպիսի մի ընտրատարածքում, որտեղից ընտրվելու ընդդիմության ջանքերը մշտապես անհաջողության են մատնվել:

Հիշեցնենք` մարզպետի պաշտոնում առաջադրված Վահե Հակոբյանը, ով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է, Սյունիքի մարզից ԱԺ պատգմավոր է ընտրվել 3 անգամ՝ 2004-2077թթ, 2007-2012թթ և 2012-ի մայիսի 31-ից մինչ օրս: Վահե Հակոբյանը դեռ շարունակում է պատգամավոր մնալ, իսկ քաղաքական կուսակցույուններն էլ, թերևս, չեն շտապում թիվ 38 ընտրատարաքում թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում կայացնել:

Ընդդիմադիր կուսակցություններից ի պատասխան այս մասին «Փաստինֆոյի» հարցի, նշել են, որ այդ թեմայով քննարկումներ դեռ չեն եղել: Իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նաև հիշեցրել է, որ այս ընտրատարածքում ընդդիմությունը մշտապես պարտություն է կրել, քանի որ ընտրություններն անցել են խայտառակ խախտումներով:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ փաստել է, որ դեռ ժամանակ կա այդ հարցը քննարկելու և որոշում կայացնելու համար: Հիշեցնենք, որ նախորդ 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին թիվ 38 ընտրատարածքում պատգամավորական տեղի համար Վահե Հակոբյանի հետ պայքարում էր 2 անկուսակցական թեկնածու, որոնցից մեկին սատարում էր ՀԱԿ-ը և 1` ՀՅԴ-ական թեկնածու:

Սահմանադրության համաձայն, մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Իսկ կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Այսպիսով, Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու մասին որոշումն, ամենայն հավանականությամբ, ընդգրկված կլինի կառավարության առաջիկա՝ հուլիսի 11-ի նիստի օրակարգում:

Տեսանյութեր

Լրահոս