«Սուրիկ Խաչատրյանը լայն առումով պատժվել է. նա ունի մարդասպան զավակներ. ..Իսկ Վահե Հակոբյանի և նրա հարաբերությունները այսօր էլ լարված են»

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Սյունիքի մարզպետի պաշտոնում կնշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Կհաջողվի՞ արդյոք նոր մարզպետին փոխել մթնոլորտը Սյունիքում, և արդյոք նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կկանգնի արդարադատության առաջ: Այս և այլ հարցերի շուրջ galatv.am-ը զրուցել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, ինչպես կմեկնաբանեք Վահե Հակոբյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում:

-Ես ընդհանրապես նշանակման և նշանակումների հետ կապված մի քանի օրից կխոսեմ, առայժմ շատ ավելի կարևոր համարում եմ Սուրիկ Խաչատրյանի և նրա ոճրախմբի կատարած բազմաթիվ ծանրագույն հանցագործությունների մասին խոսելը, անհրաժեշտ է, որ թե՛ իրեն, և թե՛ իր ղեկավարած բանդան օրենքի առաջ կանգնի, այլ կերպ ասած՝ ձերբակալել, կալանավորել և կանգնեցնել հայոց արդարադատության առաջ: Սա է այս պահին կարևոր. Գորիսի, Սյունիքի և Հայաստանի «լիսկաթափումն» է հրամայականը, և դրանից հետո անշուշտ յուրաքանչյուր վայրում, համայնքում ղեկավար պաշտոնների նշանակվեն բարոյական առումով անխոցելի, անհրաժեշտ գիտելիքների տեր, մարդկային քաղաքացիական և մտավոր որակներով գործիչներ:

-Խոսվում է այն մասին, որ Սյունիքում կրիմինալին փոխարինելու է ֆինանսական ռեսուրսը: Ձեր կարծիքով՝ որտեղից երիտասարդ պատգամավորին այդչափ ֆինանսական միջոցներ:

-Ես մի քանի օրից այդ առումով համապատասխան հայտարարություն, ելույթներ կունենամ: Վերջին հաշվով հանրահայտ է՝ Հայաստանի մեծահարուստներից է նրա ընտանիքը, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տերն են իրանք, բացի դրանից, այլ գործարարներ կան, և անշուշտ այդ միջոցներից է գոյացել այդ հարստությունը: Ես կարծում եմ, որ իր ընտանիքը ամենահարուստ ընտանիքներից մեկն է:

-Վահե Հակոբյանի նշանակմամբ առկա վախի մթնոլորտը կվերանա՞ Սյունիքում, թե իրավիճակի փոփոխություն չի արձանագրվի:

-Ես կարծում եմ, որ ընդհանրապես վախի, սարսափի մթնոլորտը պիտի վերանա միայն մեր ժողովրդի ակտիվ զանգվածի հանդուգն, վճռական գործողությունների շնորհիվ: Ազգային ազատագրական պայքար պիտի լինի, վերջին հաշվով միայն կոշտ մեթոդներով է հնարավոր, համապատասխան ցնցում ունենալով՝ իր մեջ նախ և առաջ սպանի ահ ու սարսափը, և ուրեմն այդ պայքարի ընթացքում սահմանադրական կարգ սահմանի, վերջապես և մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ծնելու իշխանություններ՝ վարից վեր կամ վերից վար իշխանություններ, այլ կերպ ասած՝ իշխանության աղբյուրը կամ կրողը վերջապես դառնա մեր ժողովուրդը, ինչպես գրված է Սահմանդրության մեջ, ինչպես աշխարհի զարգացած երկրներում է առկա:

-Խոսվում է այն մասին, որ Վահե Հակոբյանի ընտանիքը մշտապես լարված հարաբերություններ է ունեցել Սուրեն Խաչատրյանի հետ: Դուք ունեք տեղեկություններ՝ ինչից է այդ ամենը սկսվել:

-Ես լսել եմ այնքանով, որքանով դուք՝ լրագրողներդ և մեր ժողովուրդը: Ես էլ եմ լսել, որ կան հակասություններ և այլն, ինչը բնական է և չէր կարող չլինել: Ճանաչելով Սուրիկ Խաչատրյանին՝ ես չեմ պատկերացնում, որ որևէ պետական պաշտոնյայի՝ լինի նա ենթակա կամ կոլեգիա, որ ինքը մաքուր հարաբերություններ ունենա և պարզ բան է, որ այդտեղ շահերի բախում պետք է ունենա, և ինքը պետք է փորձի վայրի կամայական մեթոդներով, որը իր հոբբին է պարզապես, պետք է այդ մեթոդներով փորձեն աշխատել և ամենայն հավանականությամբ եղել են այդպիսի բաներ: Ես կարդացելեմ , որ Սուրիկ Խաչատրյանը ասում է, թե իրենք ընկերներ են և այլն, բայց հակառակ Սուրիկ Խաչատրյանի, ես չեմ իմացել, որ Մաքսիմ Հակոբյանը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրենը ասի, որ իրենք ընկերներ են և այլն: Այս առումով, ամենայն հավանականությամբ, եղել է և հիմա էլ կան հակասություններ, սակայն չեմ կարող ասել, թե դրանք հետագայում ինչ զարգացումներ կունենան: Հույսով եմ, որ օր առաջ նա կձերբակալվի և կկալանավորվի, և մեր ժողովուրդը այս առումով ազատ շունչ կքաշի: Կրկնում եմ, քանի որ ես Վահե Հակոբյանին և նրա հորը չեմ ճանաչում, չեմ շփվել նրանց հետ, ըստ էության մնացածը այսպես կարդալով, ուսումնասիրելով, նկատի ունեմ հեռվից, դրա համար մի քանի օրից կարծիք կհայտնեմ:

-Պարոն Հարությունյան, Դուք ճանաչում եք Սուրեն Խաչատրյանին: Ինչպես նա, այնպես էլ իր մերձավորները բազմաթիվ անգամներ հայտնվել են տարբեր աղմկոտ իրադարձությունների էպիկենտրոնում և մնացել անպատիժ: Ինչո՞վ եք դա պայմանավորում:

-Սուրիկ Խաչատրյանի բանդան ստեղծվել է 1990 թվականի գարնանը՝ 23 տարի շարունակ ինքը կատարել է բազմաթիվ ոճիրներ, ծանրագույն հանցագործություններ, թե՛ անձամբ ինքը, թե՛ իր ղեկավարած բանդան: Ոճրագործություններ, որոնք արյունահեղությամբ են ուղեկցվել, ոճրագործություններ, որոնք մարդկանց խոշտանգումներով և այդ կարգի, ունեցվածքի թալանի, հափշտակություններ, յուրացումներ և այլն, օրինակ՝ կեղծ ճանապարհով ատեստատ, պատմական գիտությունների թեկնածուի աստիճան և այլն, և բազմաթիվ բարձր պարգևներ, իբր թե ազատամարտին մասնակցելու, արիության, խիզախության և այլն: Ես գտնում եմ, որ Սուրեն Խաչատրյանը ակտիվ կռվել է, բայց նա կռվել է միմիայն հայ մարդու դեմ, հայ ժողովրդի դեմ և այդ առումով ունեցել է շատ մեծ հաջողություններ: Եթե նրան այս առումով պարգևներ տային, ապա հասկանալի կլիներ, որ մեր թշնամական պետությունները կարող էին նրան պարգևներ տային: Նրա միակ ռազամական հաջողությունը դա Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի շենքի գրավումն էր:

-Հետևելով Սյունիքում հնչած կրակոցներին և դրան հաջորդած զարգացումներին, ձեր գնահատմամբ՝ Սուրեն Խաչատրյանը կպատժվի՞ :

-Ես գտնում եմ, որ լայն առումով նա արդեն իսկ պատժվել է, վերջապես նա ունի մարդասպան զավակներ, որոնցից մեկը արդեն կալանավորված է և խոստովանել է, որ ինքն է կրակել: Ես վստահ եմ, որ Սուրիկ Խաչատրյանը չէր կարող իր բնավորությանը հավատարիմ չլիներ և կրակելու, արյուն թափելու, առավել ևս սպանելու հաճույքը զիջեր որևէ մեկին, այդ թվում՝ իր տղային: Ես վստահ եմ, որ առաջիկա քննությունը շուտով կբացի այդ փակագծերը: Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա նա դե յուրե օրենքի առաջ դեռ չի կանգնել, այո՛, արդարադատության առաջ չի կանգնել: Ինձնից կախված առավելագույնը անելու եմ, որ վերջապես ոչ միայն հունիսի մեկի ծանրագույն հանցագործության, այլ ընդհանրապես իր կատարած ոճրագործությունների համար նա կանգնի հայոց ահեղ, արդար դատաստանի առաջ, մի օր դա լինելու է:

Galatv.am, Փայլակ Ֆահրադյան

Տեսանյութեր

Լրահոս