Մարտուն Գրիգորյանի գրասենյակը կրակոցների մասին չի լսել, մեքենայի վարորդին էլ չեն ճանաչում

Այսօր գիշեր ժամը 1:30-2:00-ի շրջակայքում «Մերսեդես» մակնիշի 42 QQ 444 մեքենան, որը վարել է Գյումրի քաղաքի բնակիչ Ալբերտ Մովսիսյանը, բախվել է Շահումյան փողոցի շուկայի հարևանությամբ գործող առևտրի տաղավարներին: Չնայած որ վթարի պատճառով զոհեր և վիրավորներ չկան, տաղավարների սեփականատերերը կրել են ֆինանսական վնաս, վնասվել են վերջիններիս տաղավարները և ներսում գտնվող ապրանքները: Գործի առիթով նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ տեղում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ դեպքի ժամանակ տեղանքում բացի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից, եղել է նաև «Ջիպ» մակնիշի մեկ այլ ավտոմեքենա, որը հետապնդել է Մերսեդես մակնիշի մեքենային, խոսվում էր նաև այն մասին, որ հնչել են կրակոցներ, իսկ վարորդը բարեկամական կապ ունի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

Պատգամավորի գրասենյակից հայտնում են, որ վթարի և կրակոցների մասին իրենք չեն լսել, իսկ վթարի ենթարկված վարորդի և մեքենայի սեփականատիրոջ անունները իրենց անծանոթ են:

ՇՄ մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը ևս հերքել է այն փաստը, որ դեպքի վայրում եղել են երկու մեքենա, և որ հնչել են կրակոցներ. «Եղել է մի մեքենա, որ սլացել է բարձր արագությամբ ու բախվել է տաղավարներին»,- ասել է Կարեն Բաբակեխյանը:

Առևտրի տաղավարներից մեկի սեփականատեր Լենա Մանչիլիկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ վարորդը մինչև հիմա չի ներկայացել և չի հետաքրքրվել պատճառած վնասի չափերի մասին ապա ավելացրել. «Ինձ քիչ է հետաքրքրում` ով է արել կամ ինչու, իրենք խմում, հարբում, գալիս սովորական մարդկանց ապրուստն են կտրում, ինձ միայն պետք է, որ գան ու իմ վնասը փոխհատուցեն»:

Տեսանյութեր

Լրահոս