Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» հայտարարված Սերգեյ Բունտմանը մտահոգիչ է համարում այն, որ Ադրբեջանը զինվում է հարձակվողական զինատեսակներով

Ռուս հայտնի լրագրող-վերլուծաբան Սերգեյ Բունտմանը, ով հանդիսանում է «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալը, galatv.am-ի խնդրանքով անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին:

Նախքան հարցազրույցին անդրադառնալը, նշենք, որ Բունտմանն ունի հայկական արմատներ, ավելի կոնկրետ՝ ղարաբաղյան (մայրական կողմից): Հարկ է նշել նաև, որ Սերգեյ Բունտմանն Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) է հայտարարվել: Սա այն բանից հետո, երբ լրագրողն իր արձակուրդն անցկացրել է Լեռնային Ղարաբաղում, հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, հարցազրույց վերցրել: Հանդիպել է նաև Ստեփանակերտի քաղաքապետի հետ:

Այդ այցը Ադրբեջանը համարել է անօրինական և հայտարարել, որ «նա հատել է Ադրբեջանի սահմանը», որի համար էլ այդ երկրի ԱԳՆ-ն հստակ հայտնել է իր դիրքորոշումը, որ Սերգեյ Բունտմանը անցանկալի անձ է համարվում Ադրբեջանում:

Լրագրողը galatv.am-ի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանին զինելու մասին, նշել է, որ իր համար մտահոգիչը մեկ այլ հանգամանք է, որ զինատեսակները բացառապես հարձակվողական են: Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 94 միավոր T-90С տանկ, 100 միավոր БМП-3 հետևեկային մարտական մեքենա, «Սմերչ» հրթիռային համակարգեր, 6 միավոր ТОС-1А «Солнцепек» ծանր կրականետ համակարգեր և այլն:

«Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունի զենքի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն: Ուստի այս առումով ամեն ինչ, այսպես ասենք, մաքուր է:

Ռուսաստանը զենք է մատակարարում նաև Հայաստանին, ընդ որում` շուկայականից ավելի ցածր գներով: Այնպես որ Ռուսաստանը փորձում է պահել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Եվ դա անում է արդեն 20 տարի՝ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո: Մտահոգիչն այն է, թե ինչ տեսակի զենք է վաճառել Ռուսաստանը Ադրբեջանին: Դրանք հիմնականում հարձակվողական են: Օրինակ՝ «Սմերչ»-ը. այս զինատեսակը խաղաղ բնակչության դեմ է, վաճառվել են հարձակվողական ուղղաթիռներ… Ինչևէ, եթե նայենք ադրբեջանական զինուժին, ապա գործ ունենք հիմնականում հարձակվողական զինատեսակների հետ: Սա ռևանշի հասնելու պատրաստակամություն է Ադրբեջանի կողմից: Եվ դա ես շատ մտահոգիչ եմ համարում»,-շեշտել է լրագրողը և հավելել, որ առանց Ռուսաստանի էլ Ադրբեջանը կարող է զինվել՝ զենքի մատակարարման այլ պայմանագրեր տարբեր երկրների հետ ստորագրելով: Այսինքն՝ Ռուսաստանով, թե առանց Ռուսաստանի՝ Ադրբեջանը կարող է բանակին զինել:

Անդրադառնալով հայաստանյան հասարակական և քաղաքական շրջանակներում ծավալված քննարկումներին և մեղադրանքներին՝ ուղղված ռուսական կողմին, Սերգեյ Բունտմանը նշել է. «Դավաճանության մասին խոսելն ավելորդ է, որովհետև հրաշալի պատկերացնում ենք, որ Ռուսաստանը փորձում է աշխատել երկու կողմի հետ էլ»:

Ի՞նչ լծակներ կունենա Ռուսաստանը Ադրբեջանի վրա, եթե այդ երկրի իշխանությունները, ասենք, փորձեն Ղարաբաղյան հարցում ռևանշի հասնել:

Բունտմանը գտնում է, որ լծակներ որպես այդպիսին չունի Ռուսաստանը, որ կարողանա կառավարելի դարձնել Ադրբեջանին, հատկապես այն պարագայում, եթե Ալիևի վարչախումբը փորձի հարցերը լուծել պատերազմական ճանապարհով: Ռուսաստանը չի կարողանա որևէ կերպ միջամտել այդ երկրի ներքին և արտաքին գործերին:

Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա տեղի ունեցածը հայ-ռուսական հարաբերությունների վրա: Արդյո՞ք Ռուսաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից, չի կորցնի՞ իր վստահությունը հարցին Բունտմանն արձագանքել է:

«Զենքի վաճառքը, կարծում եմ, ստորակետ կդնի հարաբերություններում, չեմ կարծում, որ շատ ազդեցություն գործի, որովհետև սա առաջին դեպքը չէր (ի նկատի ունի զենքի վաճառքը. Ա.Վ): Երկու տարի առաջ էլ է եղել զենքի վաճառք Ադրբեջանին: Այնպես որ չեմ կարծում, որ կատարվածից հետո կունենանք աղմկոտ պատմություն: Կարևորը ավանտյուրաներ չլինեն և պատերազմ չբռնկվի, որովհետև բոլորս լավ ենք հասկանում, թե Ղարաբաղի և Հայաստանի վրա ինչ հետևանքներ կունենա պատերազմը»:

Պատերազմի վտանգ կա՞ այսօր` հարցին նա պատասխանել է. «Ես անգամ այդ մասին մտածել չեմ ուզում: Դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Բոլորս շատ լավ գիտենք, որ նման բաները պատմության մեջ տեղի են ունենում շատ հանկարծակի: Լուցկու չափ կայծը բավական է՝ արյունահեղություն սկսելու համար: Ես կարծում եմ, որ այստեղ շատ բան կախված է նաև Արցախի ղեկավարությունից, որը չի ընդունի բանակցությունների վերջնարդյունքում ընդունված որոշումները, եթե դրանք իր համար անցանկալի լինեն: Ես չեմ կարող ասել, թե ինչի է պետք սպասել, եթե կա հարձակվողական զինտեխնիկա»:

Բունտմանը նշել է, որ շատ բան կախված է լինելու նաև միջազգային իրադրությունից:

Galatv.am, Արմենուհի Վարդանյան

Տեսանյութեր

Լրահոս