Սամվել Ալեքսանյանը վնասո՞վ է աշխատում
Փոխադրումների ոլորտում այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք արմատական փոփոխություններ են պահանջում: Շուրջ 65 փոխադրող կազմակերպություններ պատրաստվում են իրականացնել գործադուլ: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:
«Ոստիկանությունը սկսում է միջոցառումներ իրականացնել կանգառներում երթևեկությունը վերահսկելու համար: Մենք տառապում ենք անիմաստ օրենքների ձեռքը, ուղևորափոխադրումների մասին օրենքը պետք է վերանայվի: Մենք պետք է արդեն խոսենք արմատական փոփոխությունների մասին, որպեսզի քննարկումներ ծավալվեն Կառավարության, կապի և տրանսպորտի նախարարության մակարդակով: Ամբողջ ոլորտը մեր օրենքների պատճառով գտնվում է ստրկատիրական իրավիճակում, փոխադրող կազմակերպությունները գտնվում են լուծարման վիճակում»,- այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հանրային խորհրդի տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Վարորդների հիմնական մասը, աշխատելով երթուղիներում, չեն կարող իրենց սոցիալական խնդիրները լուծել, այդ իսկ պատճառով ստիպված են դուրս գալ երկրից և այլ երկրում աշխատանք գտնել»,- շարունակել է Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը:
Բանախոսները անդրադարձել են նաև գնային փոփոխություններին` նշելով, որ դրանք ևս մեծապես ազդել են ոլորտի վրա: «Մենք այսօր դիմում ենք Կառավարությանը, որպեսզի նրանք ևս խնդրին ուշադրություն դարձնեն: Մենք չենք ուզում գինը բարձրացնել»,- ասել է Տիգրան Հովհաննիսյանը:
Գծատերերը գերշահույթ են ստանում, թե՞ ոչ` բանախոսները չեն կարող ասել: «Գազը և դիզվառելիքը երկու անգամ թանկացել է, փոխադրողներին որ անվանում են օլիգարխներ, այդպես չէ, նրանք իրենց ունեցվածքը դրել են գրավի տակ, մեքենաներ են բերել, որ սպասարկեն, բայց եթե այսպես շարունակվի, ապա լավ չի լինի»,- ասել է Վարդան Փանոսյանը:
Բանախոսները հայտարարել են, որ չունեն կապի և տրանսպորտի նախարարություն: «Մենք գնում ենք լուծարման` բոլոր գծատերերը»: Լրագրողները հետաքրքվել են, թե ունե՞ք տեղեկություններ, որ Սամվել Ալեքսանյանը ևս աշխատում է վնասով: Ի պատասխան բանախոսները հայտարարել են, որ այո´, նա ևս աշխատում է վնասով: