Արձագանք ռուսական կողմից. «Ադրբեջանին զենք վաճառելը շատ կոշտ քայլ էր, ազդակ նախ և առաջ Երևանին. ռեվերանսների ժամանակը չէ»
Ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը galatv.am-ի հետ զրույցում մեկնաբանում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը՝ անդրադառնալով նաև հայ հասարակության ներսում կատարվածից հետո առկա հակառուսական տրամադրություններին: Դվորնիկովն ասում է, որ, չնայած ցանկացած ռազմական գործարք միշտ քողարկված է գաղտնիության տակ, այնուամենայնիվ, անգամ ոչ լիարժեք տեղեկատվությունը բավական եղավ, որ բռնկվի էմոցիոնալ առումով մեծ արձագանք. «Ռուսաստանը զինում է Ադրբեջանին հայերի դեմ»:
«Բայց էմոցիան այս դեպքում մեր լավագույն գործընկերը չէ: Եկեք մաքսիմալ սթափ գնահատենք կատարվածը»,- խորհուրդ է տալիս քաղաքագետը:
Դվորնիկովը գտնում է, որ նախընտրական շրջանում Ալիևի ռեժիմը, ինչպես բոլոր ավտորիտար կլանները, ձգտում է ընտրողին ցույց տալ, որ հզոր է, պատրաստ է թշնամուն հոշոտել: Այդ ցուցադրողականությունը արվում է այն բանի համար, որ քողարկվեն ներքին խորքային խնդիրները, շեղեն հանրության ուշադրությունը:
Ըստ Դվորնիկովի` ի սկզբանե Ադրբեջանի հետ սիմվոլիկ գործարք է հաստատվել ` ինչ-որ կերպ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների արմատական սառեցումը թաքցնելու համար:
«Սակայն աստիճանաբար ոչ խորամանկ շահարկումների միջոցով սիմվոլիկ գործարքը վերածվեց միլիարդների գործարքի: Ես չեմ բացառում այս տարբերակը և այն համարում եմ միանգամայն ճշմարտանման: Այսպես ասած` բնութագրական: Այդ միլիարդ դոլարը Ալիևի գրպանում է: Այդ գումարն անկասկած ծախսվելու է: Զենքը նա ամեն դեպքում ձեռք բերելու է: Հարցն այն է, թե որ երկիրը կլինի վաճառողը՝ Իսրայելը, ԱՄՆ կամ գուցե Գերմանիան: Բայց տրամադրողը եղավ Ռուսաստանը: Իհարկե, դա մխիթարանք է, որ ադրբեջանցիները կախվածության մեջ կհայտնվեն ռուսական կողմից, բայց, այնուամենայնիվ, այստեղ կարելի է դրական բան տեսնել: Փաստն այն է, որ գործարքն ունի բավականին բարդ և խորքային պատճառներ: Առաջին հերթին` այն ազդակ է ուղղված նախ և առաջ Երևանին, ավելի շուտ ոչ թե ազդակ է, այլ տագնապի լուրջ ազդանշան այն մասին, որ հարկավոր է կողմնորոշվել՝ ում կողքին է ցանկանում կանգնել Հայաստանն այս ծանր պահին: Մոսկվայում փորձագետները բավականին կոնկրետ հայտարարում են, որ հայաստանյան արևմտյան թևն անգամ կարող է գերազանցել էքստրավագանտ Սաակաշվիլիին: Տասը տարի առաջ, երբ երրորդ համաշխարհային պատերազմն այդքան իրատեսական չէր թվում, ինչպես հիմա, Հայաստանի շարժը դեպի Եվրամիություն Ռուսաստանի համար կարող էր թվալ հայկական ՈւՀԱ-ի ակուբի (КВН) կատակ: Այսօր, երբ վայրի գլխակերները Սիրիայում՝ գտնվելով Արևմուտքի լիարժեք հովանավորության տակ, հրապարակայնորեն կարող են ծաղրել քրիստոնյա հոգևորականի, բնաջնջել հնագույն քրիստոնեական բնակավայրեր, այդ ֆոնի վրա Հայաստանի՝ հիպնոսային շարժը դեպի Արևմուտք կարող է ընկալվել շատ անբնական: Առավել ևս` հաշվի առնելով Հայաստանի ամբողջ պատմությունը»,-galatv.am-ի հետ զրույցում նշել է Դվորնիկովը:
Քաղաքագետը գտնում է, որ Արևմուտքն իր ֆինանսա-քաղաքական ռեսուրսներով ոչ միայն կերակրում է քրիստոնյա հոգևորականի գլուխ կտրող էքստեմիստներին, այլ նաև ոչնչացնում է յուրաքանչյուր ազգային արժեք: Ուստի Հայաստանը, եթե բռնի Արևմուտքի թևը, որը խժռում է քրիստոնյաներին, դա կդիտվի աննորմալ երևույթ:
«Քաղաքականությունը կոպիտ և դաժան կատակ է: Ես կհամաձայնվեմ, որ Ադրբեջանին զենք վաճառելը շատ կոշտ քայլ էր: Բայց, ըստ երևույթին, ռուս իշխանական վերնախավը որոշել է՝ պատերազմ, ուրեմն պատերազմ, ռեվերանսների ժամանակը չէ: Իսկ պատերազմն իսկապես ընթանում է: Պետք է սթափ նայել այն իրավիճակին, որը տիրում է աշխարհում»:
Քաղաքագետը պնդում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ իր հստակ դիրքորոշումը հայտնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, և դա կլինի զենքի մատակարարման վերջին դեպքն՝ ուղղված ադրբեջանական հասցեով, այն նաև կպարտավորեցնի Մոսկվային հնարավորինս արագ չեզոքացնել դրա հետևանքները` սահմանին ապահովելով կրակային հավասարություն:
«Կարևորը հայ ազգը հիշի, որ ռուս մարդու համակրանքն ու աջակցությունը միշտ կլինի հայերի կողմը: Անցնել ագրեսորի կողմը` լինի դա գազանացած Սիրիայի ապստամբները կամ խաղաղ Արցախին անդադար սպառնացող Ալիևի վարչակարգը, հնարավոր կլինի միայն երկու դեպքում` կա´մ մեծ հիմարության պատճառով, կա´մ մեծ ստորության` շատ մեծ փողերի դիմաց»,- եզրափակում է Դվորնիկովը:
Galatv.am, Արմենուհի Վարդանյան