Կսկսվի մանկաբարձ-գինեկոլոգի դեմ հերթական գործով դատավարությունը

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, հուլիսի 16-ին կսկսվի բժշկի դեմ հերթական գործով դատավարությունը: Այս անգամ ամբաստանյալի աթոռին կնստի Երևանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը: Այս մասին հաղորդում է Pastinfo.am կայքը:

Բժիշկն, ըստ մեղադրանքի, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հղի կնոջ մահը: Բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ վիժել էր, նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր: Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին աղիքների մեռուկացման, վիրահատության շնորհիվ արյունահոսությունը դադարել էր, սակայն 2-3 ժամ անց հիվանդը վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով, մահացել էր:

Այս գործը, բնականաբար, հայտնվեց հանրության ու զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով` դեպքը ուսումնասիրելու և կազմակերպական խնդիրների տեսանկյունից հանգամանքները պարզելու նպատակով: Նախաքննության փուլում նախարարությունը ձեռնպահ էր մնում մայրական մահացության սույն դեպքի պատճառների և մասնագիտական վարման հնարավոր սխալների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ դեպքը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս