
Մանրամասներ` բանակում կախված զինվորի մասին. Դեպքը տեղի է ունեցել ռազմական ոստիկանությունում

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:
168.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել ռազմական ոստիկանությունում: Գաբրիել Աբրիկի Լալազարյան ծնվել է 1994 թվականին: Նա բանակ էր զորակոչվել Սիսիանի զինկոմիսարիատից` 2012 թվականի աշնանային զորակոչին:
168.am-ը զինվորի հարազատներից տեղեկացավ, որ նրա ծնողները բնակվում են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Գաբրիելը ծառայել է Արմավիրի զորամասում, որտեղից գործուղվել էր ռազմական ոստիկանություն:
Մեր աղբյուրները հայտնում են, որ Գաբրիելը հոգեկան խնդիրներ է ունեցել. Արմավիրում ծառայելու ժամանակ նա մեկ անգամ փորձել է ինքնասպան լինել` սայրով կտրելով երակները: Այդ դեպքից հետո նա համապատասխան բուժում է ստացել զինվորական հոսպիտալում և հոգեբուժարանում, ապա կրկին կրկին վերադարձել ծառայության: