Բաժիններ՝

Սուրեն Խաչատրյանի որդու փաստաբանը՝ տեսանյութի հնարավոր մոնտաժման մասին. Ո՞վ ասաց, որ մոնտաժված է եղել, Ալումյանը փորձագե՞տ է

«Ես գտնում եմ, որ Արտակ Բուդաղյանին պետք է ճանաչել տուժող, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածն է դա սահմանում: Ուղղակի ասում եմ, որ իմ պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանի արարքում չկա հանցակազմ, որ վերջինս անհրաժեշտ պաշտպանական քայլեր է կատարել, ուստի պիտի մեղադրյալ չլիներ»:

Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, ով Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբանն է:

Օրեր առաջ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը մամուլում կարծիք է հայտնել, որ Խաչատրյանների տան մոտ կատարված իրադարձությունների տեսանյութը, որը հայտնվել է համացանցում, մոնտաժված է, և որ ինքը ունի տեսանյութ, որը դատարանում կապացուցի, որ իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանն անմեղ է: Ռուբեն Սահակյանն էլ իր հերթին է ասել է, որ ինքն էլ ունի տեսանյութ, որը կապացուցի իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանի անմեղությունը:

ԳԱԼԱ-ն փորձել է պարզել` ի վերջո, մոնտաժված է եղել համացանցում դրված տեսանյութը, թե՞ ոչ, որին ի պատասխան Ռուբեն Սահակյանը ասել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Ալումյանը փորձագետներ չեն և չի կարող դա հստակ ասել.

«Ո՞վ ասաց, որ մոնտաժված է եղել, Ալումյանը փորձագե՞տ է: Ես հաստատ համոզված եմ, որ տեսաժապավենը փորձաքննության է հանձնված, և փորձագետները կասեն` մոնտաժված է, թե՞ ոչ. սպասենք եզրակացությանը»,- ասել է փաստաբանն ու հավելել, որ իր ներքին համոզմամբ`հնարավոր չէր մոնտաժել 4 ֆոտոխցիկներից միաժամանակ տեսագրվածը, այն էլ` այդքան կարճ ժամանակահատվածում, քանի որ այդ մոնտաժը բարդ արվող, բայց շուտ հայտնաբերվող երևույթ է:

«Ես չեմ կարծում, որ Սուրեն Խաչատրյանն այդքան միամիտ էր, որ մոնտաժեր տեսանյութը կամ ո՞նց պիտի այդքան արագ մոնտաժեր, եթե տեսանյութը նույն գիշերն առգրավվել է»,- կարծիք է հայտնում Սահակյանը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ տեսանյութ է նկատի ունեցել Սահականը, երբ ասել է, որ ինքը ունի տեսանյութ, որը կապացուցի իր պաշտպանյալի անմեղությունը, և արդյոք գործի նյութերում կա՞ այլ տեսանյութ` բացի համացանցում տեղադրվածից, Սահակյանը պատասխանել է, որ չի համեմատել համացանցում եղած տեսանյութն ու այն, ինչը նախաքննական մարմինների ձեռքում է:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս