Պարույր Հայրիկյանը բոլորին շնորհավորեց ԱՄՆ-ի անկախության օրվա կապակցությամբ և վաղը լրագրողներին հրավիրեց իր այգի
Հուլիսի 5-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օր: Այսօր մամուլի ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկա բոլոր լրագրողներին հրավիրեց իր այգի` մասնակցելու ՀՀ սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը և, ավանդույթի համաձայն, խոսելու Սահմանադրության մասին: Ի դեպ, նշենք, որ վաղը նաև լրանում է Պարույր Հայրիկյանի ծննդյան հերթական տարեդարձը:
Սակայն այս երկու իրադարձությունները միակը չէին, որ այսօր արժևորեց Պարույր Հայրիկյանը:
«Բացի այդ` ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ. այսօր, ավելի ճիշտ` հուլիսի 4-ը, նույնպես ստացվում է` վաղը, Ամերիկայի անկախության օրն է: Եթե ես հասցնեմ, ամերիկյան դրոշ էլ կծածանեմ իմ այգում»,- ասաց Պարույր Հայրիկյանը` իր շնորհավորանքը հիմնավորելով հետևյալ հանգամանքով. «Ամերիկյան պետության ստեղծումը իր նախնական որակով, ոչ այսօրվա (այսօր շատ բան է փոխված ԱՄՆ-ում) մեր համամարդկային քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումներից մեկն է»:
«Այնպես որ, վաղը համեցեք, ծնունդս էլ կնշենք»,- ավելացրեց նա:
1995 թ. հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության առաջին Սահանադրությունը, որից հետո Հուլիսի 5-ը նշվում է որպես պետական տոն:
Իսկ Հուլիսի 4-ը ԱՄՆ-ում է նշվում որպես ազգային տոն: 1776 թ. հուլիսի 4-ին 13 բրիտանական գաղութների կոնգրեսը հաստատեց Թոմաս Ջեֆորսոնի, Բենջամին Ֆրանկլինի, Ջոն Ադամսի և Ռոբերթ Լինգվիստոնի կողմից կազմված «Անկախության հռչակագիրը», որը դարձավ ԱՄՆ-ի անկախության հիմնադրման գլխավոր փաստաթուղթը և առաջին պաշտոնական փաստաթուղթը, որտեղ գաղութներն անվանվում էին «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»: «Անկախության հռչակագիրը» նշանավորվում է ևս մի հանգամանքով, քանի որ այն համարվում է պատմության մեջ առաջին փաստաթուղթը, ըստ որի պետականության ստեղծման հիմք է ընդունվում ազգերի ինքնորոշման սկզբունքը: