Բաժիններ՝

Մեկնարկել է «Armenia StartUp Cup» բիզնես-մոդելների մրցույթը

Հայաստանում մեկնարկել է «Հայաստանի ստարտափների առաջնություն» (Armenia StartUp Cup) բիզնես-մոդելների մրցույթը:

«Ստարտափների առաջնություն»-ը (StartUp Cup) նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է տեղական նախաձեռնողական ներուժի վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթի նպատակն է մասնակից ձեռներեցներին, ովքեր զարգացման վաղ փուլում են գտնվում, տրամադրել համայնքահեն երկարաժամկետ աջակցություն: Մրցույթի ընթացքում ձեռներեցները ստանում են ուսուցում, խորհրդատվություն և ուղղորդում իրենց փորձառու գործընկերների և բիզնես առաջնորդների կողմից:

«Հայաստանի ստարտափների առաջնություն» բիզնես-մոդելների մրցույթին հայտ ներկայացրած ձեռներեցները հնարավորություն կստանան մասնակցելու այս տարի հուլիսի 13-14-ը կայանալիք Build-A-Business Weekend միջոցառմանը, որը կվարեն ԱՄՆ-ից ժամանած StartUp Cup մրցույթի հիմնադիրները: Մրցույթի մասնակիցները կմշակեն կենսունակ բիզնես-մոդելներ, կձևավորեն հաճախորդների շրջանակ և կխթանեն իրենց ստարտափները դեպի շուկա` ժյուրիի և փորձառու մասնագետների հետ հնգամսյա աշխատանքի ընթացքում: Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին կայանալիք մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում:

Armenia StartUp Cups 2Մրցութային նախագծերը կարելի է ներկայացնել armenia.startupcup.com կայքի միջոցով մինչև հուլիսի 10-ը, ժ. 23:59-ը: Նախագծերը պետք է լինեն անգլերեն:

Հայաստանի ստարտափների առաջնության համակազմակերպիչներն են «Ապոսթրոֆ» հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Այբ ավագ դպրոցը:

Մրցույթին աջակցում են Ձեռներեցության համաշխարհային շաբաթը, ԱՄՆ պետ դեպարտամենտի Ձեռներեցության համաշխարհային ծրագիրը, Deem Communications-ը, ONEArmenia-ն, Repat Armenia հիմնադրամը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը, Demo Bakery-ն, Գրին Բին սրճարանը,  Երիտասարդ առաջնորդների դպրոցը, IAB կենտրոնը և  iTechnology.am կայքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս