Դատախազի գնահատմամբ` պաշտպանական կողմը անհարկի ձգձգում է դատավարությունը
Որդու և հարսի կողմից մորն ու տատիկին խոշտանգելու գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր, ըստ «Փաստինֆոյի»՝ մերժել է ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյաին միջնորդությունը՝ տուժող Թագուհի Գրիգորյանի նկատմամբ դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:
Դատարանը գտավ, որ տուժողի վարքագիծը որևէ կասկած չի հարուցում և դատահոգեբուժական լրացուցիչ փորձաքննության կարիք չկա:
Հիշեցնենք, որ Գուրգեն Գրիգորյանը եւ նրա կինը՝ Սյուզաննա Գրիգորյանը մեղադրվում են կենցաղային հարցերով ծագած վիճաբանությունների ժամանակ Գուրգեն Գրիգորյանի մորը՝ Թագուհի Գրիգորյանին, և տատիկին` Նազիկ Կարապետյանին մարմնական և հոգեկան տառապանքներ են պատճառելու,խոշտանգելու մեջ: Ամբաստանյալ-ամուսինները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը՝ փորձելով Թ.Գրիգորյանին ներկայացնել որպես անհավասարակշիռ անձ, իսկ իրենց կողմից կատարված գործողությունները ներկայացնելով որպես պաշտպանության նկատառումներով ձեռնարկված քայլեր։
Այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ նաեւ մեկ այլ միջնորդությամբ՝ կասկածի տակ դնելով փորձագետի եզրակացությունը՝ ամբաստանյալի կողմից տուժող Նազիկ Կարապետյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կապակցությամբ և միջնորդեց դատարան հրավիրել նույն փորձագետին: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի գնահատմամբ, պաշտպանական կողմն անհարկի ձգձգում է դատավարությունը, բայց չառարկեց միջնորդությանը:
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և հաջոդ հուլիսի 10-ին կայանալիք նիստին կհարցաքննվի փորձագետը: