«Քաղաքապետարանի ներկայացուցչի» ու նրա մոր գործը դատարանում է
Երևանի բնակչուհի Նիրվարդ Գրիգորյանի հարևանը՝ Արթուր Տեր-Արսենյանը, ըստ վերջինիս առաջադրված մեղադրանքի, «խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ զանգահարել է վերջինիս տան հեռախոսահամարին, ներկայացել քաղաքապետարանի աշխատակից: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ներկայացնելով, որ իբր զբաղվում է Ն.Գրիգորյանի տան օժանդակ շինությունների սեփականաշնորհման դիմումով, հայտնել է, որ սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է վճարումներ կատարել Երևանի քաղաքապետարան և առաջարկել է այդ գումարները փոխանցել իր միջոցով, որի արդյունքում էլ հափշտակել է 5842850 ՀՀ դրամ գումար:
Ալվարդ Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է` 2011թ օգոստոսի 12-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հանցագործության մասին գրավոր հաղորդում է տվել ու հայտնել, որ 2008թ սկզբներին Նիրվարդ Գրիգորյանը իր որդի Արթուր Տեր-Արսենյանին իբր ամսական 10% տոկոսադրույքով տվել է 5000 ԱՄՆ դոլար գումար:
Արթուր Տեր-Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, իսկ Ալվարդ Երիցյանին՝ 333-րդ հոդվածի առաջին մասով՝ Սուտ մատնությունը:
Գործը մակագրվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արթուր Օհանյանին: