Դեդ Հասանի թշնամի «օրենքով գողերից» մեկն էլ դատապարտվեց
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, հունիսի 26-ին Տոլյատտիի Կենտրոնական շրջանային դատարանում վճիռ է կայացվել 29-ամյա «օրենքով գող» Անատոլի Պանֆլիովի գործով (Տոլյան Տոլյատինսկի)։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի թմրանյութ իրացնելու փորձի մեջ։ Նախագահող դատավոր Ալեքսանդր Կլոնինը ամբաստանյալի մեղքն ամբողջությամբ ապացուցված է համարել և նրան դատապարտել 4 տարի 5 ամիս ազատազրկման։
«Прайм Крайм»-ը հիշեցնում է, որ Պանֆիլովը թագադրվել է նախորդ տարվա դեկտեմբերին Դուբայում՝ վրացի քրեական հեղինակությունների կողմից։ Նրա հետ միասին «օրենքով գող» էին ճանաչվել ևս 14 հոգի։ Թագադրումից ընդամենը մեկ ամիս անց նա Տոլյատտիում ձերբակալվեց՝ ամֆետամինի հաբերով։
Երբ վերջինս հայտնվեց մեկուսարանում, Դեդ Հասանի կլանի «օրենքով գողերը» գրություն ուղարկեցին, որպեսզի Պանֆիլովին չընդունեն որպես «օրենքով գող»։ Սակայն, ըստ «Прайм Крайм»-ի, նրանց կոչը դեռևս ոչ մի ազդեցություն չի թողել։