Քննարկվել են Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզի Զորակ համայնքի տարածքում գտնվող, ձկնարտադրությամբ զբաղվող «Էկոֆիշթրեյդ» ընկերությունում`Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի ծավալների կրճատման, ինչպես նաեւ ջրի օգտագործման նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի եւ Արարատի մարզպետները, Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, Զարգացման հայկական գործակալության, «Հայջրնախագիծ» ՓԲԸ ղեկավարները, ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչները:
Փոխվարչապետն ընդգծեց, որ Արարատյան դաշտավայրի մի շարք համայնքներում ստորերկրյա ջրային պաշարների նվազման հետեւանքով ջրօգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ նշված գյուղերի բնակիչներին ինչպես կենցաղային, այնպես էլ ոռոգման ջրով ապահովելը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է:
Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության եւ ձկնաբույծների ներկայացուցիչներից կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի տարբեր երկրների նմանատիպ փորձը, եւ ջրային պաշարներն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի կառավարությանը:
Փոխվարչապետը Բնապահպանութան նախարարության ներկայացուցիչներին նաեւ առաջարկեց ուսումնասիրել 2010-2012թթ. ջրօգտագործման թույլտվություններով դեռ չկատարված հորատումների նպատակահարմարությունը եւ համապատասխան առաջարկություն ներկայացնել կառավարություն:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին