Արկադի Կարապետյան. «Եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում»

Վերջերս լայն քննարկման առարկա է դարձել Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքի խոշոր խմբաքանակի թեման: Ռուսական «Վեդոմոստի» լրատվամիջոցի համաձայն՝ Ռուսաստանը մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարել Ադրբեջանին: Դրանք են՝ երեք գումարտակ Т-90С տանկ, մոտ երեք գումարտակ զրահամեքենա, մեկ դիվիզիոն «Մստա-Էս» հրետանային ինքնագնաց կայանք, մեկ դիվիզիոն «Սմերչ» ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգ, մեկ դիվիզիոն «Վենա» ինքնագնաց հրետանային կայանք եւ մեկ ստորաբաժանում «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգ: karabakh-open.info-ն այս մասին է մեր զրույցը ԼՂՀ ինքնապաշպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ։

– Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանը։

– Ես չեմ հավատում, թե Ռուսաստանը զենք վաճառելով փորձում է Անդրկովկասում հավասարակշռություն պահպանել, հակառակը՝ թեժացնում է իրադրությունը. ավելի շուտ Ռուսաստանի բազան է հավասարակշռվում, որը Հայաստանին չի պատկանում: Ինձ ամենաշատը մտահոգում է «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի ձեռքբերումը։ Եթե Ցխինվալի ուղղությամբ տեղացած «Գրադի» համազարկերից 1600 մարդ է զոհվել, ապա ի՞նչ կլինի «Սմերչի» կիրառումը Ստեփանակերտի ուղղությամբ: Հազարավոր մարդիկ կզոհվեն, եթե ոչ ամբողջ բնակչությունը:

– Չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանին ներռուսական գնով է զենք վաճառում, իսկ Ադրբեջանին՝ միջազգային:

– «Ռուսաստանը ներռուսական գներով Հայաստանին անցած սերնդի զենք է վաճառում: Օրինակ՝ Т-72 տանկեր, որոնք ռուսները դուրս են գրում, իսկ իրենց երեք գումարտակ Т-90 է վաճառում: Ինչու՞ մեզ «Սմերչ», ինքնաթիռներ ու ուրիշ զենքեր չեն տալիս հավասարակշռության համար:

– Վերջերս ռուսական «Իսկանդեր-М» տեսակի միջին հեռահարության հարվածային հրթիռային մի քանի համալիր է բերվել Հայաստան: Հենց այս փաստը կողմերին որպես հավասարակշռելու ապացույց է դիտվում:

– Դրանք ռուսական ռազմաբազային են հանձնել, իսկ երբ որ մեզ տան ու մասնագետներ պատրաստեն՝ դա ուրիշ բան: Երկրորդն էլ՝ «Իսկանդեր-М»-ը հարվածելու է, ասենք, շտաբերի ուղղությամբ, որոնք կռվի ժամանակ հնարավոր է տեղահանված լինեն արդեն, իսկ նույն «Սմերչը» անմիջապես մեզ է սպառնում՝ բնակչությանը: Մարդիկ այդպես են ասում, որովհետև տեխնիկայից գաղափար չունեն: «Սմերչի» մեկ կայանքի համազարկը 67 հեկտար տարածք է ոչնչացնում: Դիվիզիոնում 18 կայանք է լինում, իսկ այսօր ադրբեջանցիները երկու դիվիզիոն ունեն:

– Եթե Ռուսաստանից զենք չգնի, մեկ ուրիշից է գնելու, չէ՞, ասենք, Իսրաելից:

– Թող գնի, գոնե կիմանանք, որ եղբայրական պետությունից չի գնում: Համ էլ աշխարհում «Սմերչ» միայն Ռուսաստանն է արտադրում, որը մասայական ոչնչացման զենք է:

– Ըստ ռուս քաղաքագետներից մեկի՝ Ռուսաստանը նույն է կերպ է վարվում, ինչպես ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն, որոնք հավասարակշռություն պահպանելու համար միաժամանակ զենք են վաճառում Եգիպտոսին եւ Իսրաելին, Հունաստանին եւ Թուրքիային:

– Իսրայելը ատոմային ռումբ ունի: ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն էլ ո՞ւմ են ատոմային ռումբ տալիս Իսրայելի տարածաշրջանում: Իսկ «Սմերչը» նույնն է մեր տարաշրջանի համար, ինչ ատոմային ռումբը: Երկու դիվիզիոն «Սմերչը» ատոմային ռումբի է հավասար:

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զենքի վաճառքի վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն է արել. «Դա բիզնես է, դա շուկա է, սա ՌԴ-ի տնտեսությունն է»:

-Համաձայն եմ՝ բիզնես է, բայց չասեք, թե եղբայրներ ենք: Դե որ բիզնեսմեն եք՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի դիմաց ինչո՞ւ չեք վճարում: Եթե որպես բիզնեսմեն եք պաշտպանում, ապա ինչո՞ւ չեք մեզնից փող գանձում: Բիզնեսով զբաղվող պետությունը շահի համար ցանկացած ժամանակ կարող է հանել ռազմաբազան ու հեռանալ: Կամ էլ՝ վաճառել մեկ այլ պետության: Ի դեպ՝ օրերս Մարտակերտի ազատագրման օրն էր, կարող եք գրել, որ ռուսներն են գրավել Մարտակերտը՝ Կիրովաբադում տեղակայված դեսանտա-գրոհային բրիգադը: Իհարկե, փողի դիմաց, չէ՞ որ այդ ամենը բիզնես է:

Եղբայրական համարվող պետությունն այլ կերպ պիտի վարվի, եղբայրությունը բիզնես չէ:

– Իսկ Հայաստանի ճա՞րն ինչ…

– Կարծում եմ՝ եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում: Ես եմ ասում՝ մի մարդ, ով ապրում է Արցախում ու սպասում, թե երբ են իր ընտանիքի հանդեպ «Սմերչ» գործադրելու: Ըստ իս՝ նրանք նկատի ունեն Հայաստանի տարածքը, ոչ թե ժողովուրդը, երբ ասում են՝ պետք է ապահովենք Հայաստանի անվտանգությունը: Մանավանդ՝ պատմական փաստերը հենց դա են ապացուցում: Պետությունը բիզնես չէ, այլ շատ ավելի վեհ արժեք: Ռուսաստանը վերջապես պիտի կողմնորոշվի ՝ բիզնեսմե՞ն է, թե՞ լուրջ պետություն:

Պուտինի խոսքերով՝ զինել մարդկանց, ովքեր սպանում են թշնամուն ու տեսախցիկի առջեւ ուտում ներքին օրգանները, հումանիզմի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Իսկ գիշերը մարդ կացնահարած ազգային հերոս Սաֆարովին զինելը հումանիզմի հետ կապ ունի՞:

Հայաստանը հույսն իր վրա պիտի դնի: Քսան տարի շարունակ գոռում ենք, որ ռազմաարդյունաբերությունը ոտքի կանգնեցի, բայց ապարդյուն…

Զրուցեց Հայկ Ղազարյանը
karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս