Բնապահպանության ոլորտում ատկատ ու ֆինանսական չարաշահումներ չկան. փոխնախարար

Բնապահպանության ոլորտում կատարված ստուգումների արդյունքներով Վերահսկիչ պալատի առաջարկությունները թվով 7-ն են՝ Թափոնների մասին օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, հստակեցնելով «տեղադրում» և «պահում» հասկացությունները, լրացուցիչ վերլուծությունների հիման վրա հստակեցնել կենցաղային աղբի դասը, նոր դրույքաչափի սահմանման հարցը, իրականացնել տեսչական բնագավառի ուժեղացում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, օրենսդրական մասով այդ հասկացությունները հստակ ձևակերպված են, թափոնների դասակարգման մասով նույնպես խնդիրները հստակ են ձևակերպված:

Փոխնախարարը համաձայնեց ՎՊ դիտարկման հետ, որ վտանգավոր թափոնների մասով օրենսդրական դաշտը կարգավորման կարիք ունի, այդ օրենքը դեռ բավականին երիտասարդ է: Կենցաղային թափոների վճարը 1500 դրամ է: Նախարարությունում ստեղծված է աշխատանքային խումբ, նախապատրաստվում է օրենսդրական փաթեթ, որը դրվելու է շրջանառության մեջ:

ՎՊ նշած խնդրի վերաբերյալ, որ կենցաղային աղբից չի հավաքվում բնապահպանական վճարը, Ս.Պապյանը նկատեց, թե այստեղ կան իրավական խնդիրներ, պետք է հստակեցվի, թե ով է տեղադրողը, որպեսզի պարզ լինի, թե ումից պետք է գանձվի գումարը: Նրա խոսքով՝ ոլորտը ենթակա է լիցենզավորման:

Ս.Պապյանը հայտնեց, որ 14 կոմունալ տնտեսությունները ստուգվել են, դրանք բոլորն էլ խախտում թույլ են տվել, պատասխանատուները ենթարկվել են տույժի:

«Բնապահպանության ոլորտում ատկատներ չկան, հիմնականում աշխատանքներն իրականացվում են Սևանի հարցերով տաբեր ծրագրերի շրջանակներում, որոնք «բաց» են»,- հավաստեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ՎՊ հաշվետվության համաձայն՝ չի ապահովվել թափոնների, այդ թվում` կենցաղային կոշտ թափոնների հաշվառումը կանոնակարգող օրենսդրության պահանջների կատարումը: Աղբավայրերի հաշվառման տվյալները չեն արտացոլում ՀՀ տարածքում առկա աղբավայրերի իրական պատկերը, որի հետևանքով անորոշ է ինչպես՝ աղբավայրերի փաստացի քանակը, այնպես էլ՝ դրանց զբաղեցրած հողատարածքների մակերեսը և տեղադրված աղբի քանակը:

Ըստ վիճակագրական տվյալների, ՀՀ տարածքում տարեկան միջինում առաջանում և տեղափոխվում է 535.2 հազ. տոննա կենցաղային աղբ, որից 57.0 %-ը բաժին է ընկնում Երևան քաղաքին: Մինչդեռ 2011թ. բնապահպանական վճար է վճարվել ընդամենը 12.5 հազար տոննայի տեղադրման համար (2.3%), իսկ 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ` 14.6 հազար տոննայի տեղադրման համար (2.7%): Երևան քաղաքում վերջին երեք տարում ընդհանրապես բնապահպանական վճար չի վճարվել:

Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցվում են ՀՀ գյուղական համայնքների` 46%-ի համար, իսկ քաղաքային բնակավայրերում` բնակչության 90%-ի համար:

Չի կատարվել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջը` սանիտարական մաքրման սխեմաները հաստատվել են 915 համայնքներից միայն 295-ում (32%):

Չի կատարվել «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 30.01.2003թ. ՙՀՀ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին՚ թիվ 121-Ն որոշման պահանջները` աղբավայրեր օգտագործողների (օպերատորների) գործունեությունն իրականացվել է առանց լիցենզիայի, որի տարեկան պետական տուրքը` 200.0 հազար դրամ է:

Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերի համայնքների մեծ մասում աղբի տեղադրումը շարունակում է իրականացվել ապօրինի` բնակավայրերին մերձակա և ճանապարհներին հարակից տարածքներում:

Չի կատարվել «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 36-րդ հոդվածի պայմանները` տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված հսկողություն չեն իրականացրել բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ:

Բնապահպանական պետական տեսչության կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել թափոնների գործածության համար սահմանված նորմերի, բնապահպանական վարչական վիճակագրություն վարելու և հաշվետվություններ ներկայացնելու կարգի պահպանման նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս