Եթե որևէ մեկը իմ չարաշահումների հետ կապված բան է ասում, ուրեմն նա անբարոյական պոռնիկ է

Հատված՝  «Առաջին լրատվական»-ին տված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարցազրույցից՝

 – Պարոն Ղուկասյան, այսօր Գյումրիում տոնական համերգ է, «Գյումրին՝ 2013-ին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկն է: Միջոցառմանը ներկա չեք: Որպես նախկին քաղաքապետի՝ Ձեզ չէի՞ն հրավիրել արդյոք: 

– Այսօրվա միջոցառման հրավերք չեմ ստացել, բայց ես ուրախ եմ, որ իմ ժամանակ Գյումրին ճանաչվեց մշակույթի մայրաքաղաք: Ուրախ եմ, որ ես դա արեցի, որ Գյումրին ճանաչվի մշակույթի մայրաքաղաք իմ ժամանակ:

Ես 13 տարի աշխատել եմ, որ Գյումրին դառնա մշակութային մայրաքաղաք, աշխատել են նաև Հայաստանի կառավարությունն ու նախագահը, որ Գյումրին ճանաչվի մշակութային մայրաքաղաք: Եվ ուրախ եմ, որ մայրաքաղաքից տեղափոխվեցիք երկրորդ քաղաք, ոչ թե երկրորդական:

 – Այսօր ասուլիսին Սամվել Բալասանյանն ասում էր, որ իր քաղաքապետ եղած ժամանակ բավական աշխատանքներ են կատարվել՝ ենթակառուցվածքների արդիականացման և այլ ուղղություններով, Գյումրիում իրականացվել է ասֆալտապատում:

– Իր ժամանակ միայն ստուգումներ են կատարվել, մեկ էլ մարդկանց բռնել, դատի տալ: Բացի բռնել տալուց՝ ոչ մի բան չի արել:

Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքներին, փառք երկրի նախագահին, որ ասֆալտապատում է նախաձեռնել Գյումրի քաղաքում. ինքը այդտեղ ընդհանրապես կապ չունի: Փառք երկրի նախագահին, որ նման ասֆալտապատում է արել Գյումրի քաղաքում:

 – Մամուլը բազմիցս անդրադարձավ Ձեզ պատասխանատվության ենթարկելուն, Ձեր չարաշահումներին. ի՞նչ կասեք:

– Ես, որպես քաղաքապետ, որևէ չարաշահում չեմ ունեցել, չարաշահումներ պետք է փնտրել գործեր տվողների մեջ, այդ ամեն ինչը սարքողների մեջ: Ես 13 տարի աշխատել եմ՝ իմ ամեն ինչը նվիրելով իմ քաղաքին, իմ երկրին, և եթե որևիցե մեկը իմ չարաշահումների հետ կապված մի բան է ասում, ուրեմն նա անբարոյական պոռնիկ է:

 – Ձեզնից հետո ինչպե՞ս եք գնահատում քաղաքում իրավիճակը, ի՞նչ է փոխվել:

– Պետք է ժողովուրդը ընտրի իր ընտրյալին, ես հստակ ասում եմ՝ ժողովուրդը չի ընտրել, թող ընտրություն լիներ, ժողովուրդն ընտրեր իր ընտրյալին: Ժողովուրդը իրեն չի ընտրել: Վարդան Մամիկոնյանը Սահակ Պարթևի գլխավորությամբ ասում է՝ Ձայն բազմաց, ձայն Աստծո: Բազմության ձայնն Աստծո ձայնն է, և ով իրոք ընտրվում է ժողովրդի կողմից, նա ընտրվում է Աստծո կողմից, իսկ ով գողանում է ժողովրդի ձայները, նա սատանայի կողմից է ընտրվում և սատանայի անեծքին արժանի պետք է լինի  այս աշխարհում և հանդերձյալ կյանքում:

 – Կարո՞ղ ենք ասել, որ անիծում եք Սամվել Բալասանյանին, քանի որ, ըստ Ձեզ, քաղաքապետի ընտրությունները Գյումրիում արդար չեն եղել: 

– Ոչ, ես չեմ անիծում, նման բան չասեք, ես Գյումրիի քաղաքացի եմ և այդպիսի քաղաքապետի չեմ ընդունում, որը ձայները գողանալով է Գյումրիի քաղաքապետ ընտրվում: Ես նման քաղաքապետի չեմ ընդունում, ես ընդունում եմ ներդաշնակ ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքապետի:

Պարոն Ղուկասյան, բայց չէ՞ որ մենք գիտենք, թե ինչպես են տարիներ շարունակ անցել ընտրությունները Գյումրիում նաև Ձեր քաղաքապետ եղած ժամանակ, ինչպես եք իշխանություններին աջակցել:

– Ոչ, 13 տարի շարունակ Գյումրիում ընտրությունները եղել են մաքուր, թափանցիկ և բարեկարգ՝ ո՛չ փողով, ո՛չ էլ կաշառքով:

 – 13 տարի քաղաքապետ էիք, բայց չէ՞ որ Դուք էլ չկարողացաք երկրաշարժի հետևանքները վերացնել այդքան տարի:

 – Ո՞վ ասաց,  թե չեմ վերացրել երկրաշարժի հետքերը, այդ  տները իմ արյունով են կառուցված և իմ գործընկերների… ես առաջին կարգի հաշմանդամ դարձա, իմ հորեղբոր տղան մահացավ. ամբողջը դրա հետևանքներն են, աղջիկ ջան, դու ինձ մի խառնի մնացածների  հետ, մնացածը սատանայական են:

 – Ոստիկանապետը եկավ Գյումրի, ասաց՝ գողակա՞ն եք, թե՞ պատգամավոր եք, արա: Ի՞նչ փոխվեց դրանից հետո:

– Ես ճշմարտության ջատագովն եմ, իսկ ճշմարտությունն ասված է, ես դրա կողմնակիցն եմ: Ես բոլոր լավ տղերքի կողմնակիցն եմ՝ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և նման անդրանիկների կողմնակիցն եմ, որոնց տերը Աստված է, որոնք աշխարհիկ կյանքում անդրանիկ են, ոչ թե երկնագույն ինտելիգենտ բոզի տղերք:

Ոստիկանապետի գործողությունները ինձ դուր են գալիս, ներքին գործերը շատ խելոք է նա կազմակերպում: Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ իրենից վախենում եմ, քաշվում եմ, այլ ուղղակի նրա աստվածային խոսքն ինձ համար շատ ուրախալի է:

 – Երկու ընտանիքների դարավոր թշնամությունը, որի արտահայտությունը տեսանք փետրվար ամսին, հարթվե՞լ է:

– Մենք ոչ մեկի թշնամի չենք: Մենք իրար ընկերներ ենք ու ախպերներ, ի՞նչ կլաններ, ամբողջ ազգին սուտ լուրեր եք տալիս, հետո սարքում կլաններ: Հանգիստ ապրեք, մենք բարեկամներ ենք, մենք իրար թշնամիներ չենք, մենք իրար բալա չենք սպանել: Դուք եք անում, որ այդպիսի բաներ են լինում, քո տերերը:

Այսինքն՝  Դուք մամուլի  նկատմամբ ունեք թշնամա՞նք, իրար հետ կռվում եք,  հետո մեղադրում մամուլի՞ն:

– Ես զզվում եմ ձեզնից, ատում եմ: Վայրենի,  երկիր քանդող մի մամուլ եք, դուք եք, դուք, ամբողջ քանդողը դուք եք: Դուք սպանեցիք Ազգային ժողովը: Ես նմանատիպ մամուլ չեմ ուզում տեսնել: Դուք եք մեր երկրի քանդողը, որովհետև պատվեր եք կատարում:

 – Ստացվում է՝ իշխանությունները երկիրը թալանում են, Դուք էլ 13 տարի իշխանության մեջ էիք, թալանում եք, իսկ մեղավորները լրագրողնե՞րն են, որ բարձրաձայնում են:

 – Ես հայի զավակ եմ և ցավում եմ, որ իմ երկիրը դատարկվում է: Լսի՛ր, ինձ պաշտոն պետք չէ, դուք սարքեցիք իմ գլխին,  ձեր տերերը արեցին այս ամենը, ես վախ չունեմ, ես միայն Աստծուց եմ վախենում, և դուք եք քանդել հայոց երկիրը, բայց հայոց երկրի տերը բարձրյալ Աստված է՝ Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս