«Ջարդենք քյառթու ջիպազգիներին». Ռ.Մելքոնյան
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ի ուրախություն մեզ, նոր լավ ավանդույթ է կարծես սկսում ձևավորվել: Մայրաքաղաքի փողոցներում գնալով շատանում են հեծանվորդները…
Մեր քաղաքացիները սկսել են երթևեկել` աշխատավայր, ուսումնական հաստատություն գնալ և ուղղակի զբոսնել, մարզվել հեծանիվով: Ուրախալին այն է, որ գնալով շատանում են նման համարձակները, որոնք կարծես խիզախորեն ջարդում են «քյառթու ջիպազգիներին»…
Սա արդեն ազդանշան, ահազանգ է քաղաքային իշխանություններին, քաղաքաշինարարներին և ճարտարապետներին: Այն սխալները, բացթողումները, որոնք ժամանակին կամա թե’ ակամա թույլ են տրվել հաշվի չառնելով քաղաքի հնարավոր զարգացումներն ու հեռանկարները, այժմ պետք է չկրկնվեն հաշվի առնելով նման և այլ համապատասխան զարգացումները:
Նոր կառուցվող մայրուղիների, ճանապարհների շինարարության և հների վերակառուցման ընթացքում պետք է անպայմանորեն նախատեսել այդ ամենը, կիրառել եվրոպական երկրների` հատկապես Դանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի փորձը: Միաժամանակ, կենտրոնական կառուցապատված հատվածներում հնարավորինս մայթերը ազատել վաճառքի կետերից, այլ խանգարող խոչընդոտներից և առանձին ուղիներ ստեղծել հեծանվորդների համար: Հարկավոր է նաև պրոպագանդել, ցուցադրել վերը նշված երկրների առաջավոր փորձն այդ ուղղությամբ: Այս լավ սովորությունը եթե վերածվի առօրեական երևույթի, ապա բնականաբար կքչանան ավտոմեքենայով երթևեկողները, կքչանա տրանսպորտի քանակությունն ընդհանրապես, կվերանան խրոնիկական խցանումները…
Բարի երթ հեծանվորդներին…»: