«Սա Սերժ Սարգսյանի կառավարման ձևն է՝ հավաքել, «խիստ» խոսել ու ոչինչ չանել»

Նախագահական նստավայրում երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությունը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հիշեցրել է Լեոնիդ Բրեժնևի ելույթները: Նման տեսակետ հայտնել է ինքը՝ Արամ Կարապետյանը, galatv.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ նախագահական նստավայրում հրավիրված խորհրդակցությանը:

«Կարդալով խորհրդակցության մանրամասները՝ միանգամից հիշեցի լճացման տարիները և Լեոնիդ Բրեժնևի ելույթները: Այն ժամանակ էլ անվերջ խոսում էին, որ ոչինչ չանեին»,- ասել է Արամ Կարապետյանը:

Առայժմ, ըստ Արամ Կարապետյանի, դժվար է ասել, թե ինչ սպասելիքներ ունի Սերժ Սարգսյանը, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանին արագացնելու հորդորներ էր տալիս: «Ես չգիտեմ՝ ինչ սպասելիքներ կարելի է ունենալ մի վարչապետից, որը օր օրի վրա ավելի անհասկանալի է դառնում հասարակության համար»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի գնահատմամբ՝ թե ինչ զարգացումներ կլինեն խորհրդակցությունից հետո, էական չեն լինի, քանի որ, ըստ նրա, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: «Սերժ Սարգսյանից ես որևէ կոնստրուկտիվ, գործնական քայլ չեմ սպասում: Ինչ կանի այս կամ այն չինովնիկի հետ, ի՞նչ տարբերություն, միևնույն է, թալանը դրանից չի պակասի: Պետք է փոխել համակարգն ամբողջությամբ»,- ասել է Արամ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե հերթական խորհրդակցությունը պարզապես քաղաքական շոու էր, ապա, ըստ Արամ Կարապետյանի, դա այդպես չէ: Նրա գնահատմամբ. «Սա Սերժ Սարգսյանի կառավարման ձևն է: Հավաքել, «խիստ» խոսել ու ոչինչ չանել: Գործնական ոչինչ չանել իրավիճակը առողջացնելու, պատժելու, ելքեր փնտրելու ուղղությամբ, ոչ մի ասպարեզում»:

Galatv.am

Տեսանյութեր

Լրահոս