Բաժիններ՝

«Աշտարակի դպրոցի տնօրենը ինձ փոխարինեց կամերաներով, կրճատման լուրը ես ստացա Դիլիջանում հանգստանալու ժամանակ»

Հունիսի 21-ին galatv.am-ը հրապարակել էր Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչների բաց նամակը՝ հասցեագրված ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ պահանջելով, որ դպրոցի տնօրեն Լիլի Կիրակոսյանը ազատվի աշխատանքից:

Բաց նամակի հեղինակները բողոքում են, որ տնօրենը դպրոցում անօրինություններ է կատարում, ասվում է նաև, որ դպրոցի տնօրենը շահարկում է իր ՀՀԿ անդամ լինելը և արհմիության փողերը գրպանելու համար մեղադրում նույն դպրոցի ուսուցչուհի Լիգիա Մելքումյանին:

Նամակագիրները եզրափակում են այս խոսքերով. «Վերջին չորս ամիսների ընթացքում տնօրենը 2 անգամ խիստ նկատողություն է ստացել նախարարի հրամանով, և այս նամակը չէր գրվի, եթե իրավիճակը օր օրի չբարդանար և պայթյունավտանգ չդառնար:

Չենք ստորագրում, որովհետև զգուշանում ենք Լիլի Կիրակոսյանի անպատժելիությունից ու քինախնդրությունից: Նա չարաշահում է իր պաշտոնական դիրքը. չենք ցանկանում արժանանալ մեզանից առաջ աշխատանքից ազատված մեր ընկերների բախտին: Նաև դա է եղել պատճառը, որ ստորագրել ենք տնօրենի կազմած երկրորդ գրության տակ, սակայն գիտակցում ենք, որ անբարոյական քայլ ենք կատարել` վարկաբեկելով ազնիվ ու անաչառ մարդու»:

Նշենք, որ ինչպես դպրոցի նախկին աշխատակիցներն են հավաստում, մի քանի ամսում դպրոցի տնօրենը ազատվել է շուրջ 10 մանկավարժից: ԳԱԼԱ-ն զրուցել է աշխատանքից ազատված մանկավարժներից մեկի հետ, ով խնդրել է իր անունը չհրապարակել:

«33 տարվա մանկավարժական ստաժով ուսուցչուհի եմ, և մեր նախորդ տնօրենը ասաց, որ ես պատրաստվելու եմ որպես սոց. մանկավարժ: Եվ մինչև այդ ես աշխատում էի երգ-երաժշտության ուսուցչուհի: Ինձ ուղարկեցին հինգերորդ դպրոցում՝ աշխատանքին ծանոթանալու, և ես որոշ ժամանակ, այսպես ասած, վերապատրաստվեցի: Բացի այդ, իմ ամուսինը կրթական համակարգի բավականին լուրջ մասնագետ է՝ Բալայան Հովիկ, և ինքը «Սոց. մանկավարժություն» գիրք հրատարակեց: Երկու տարի ես պատրաստվեցի և աշխատեցի որպես սոց. մանկավարժ: Ես աշխատում էի, ունեի հսկայական գրականություն, և եկավ այդ նոր աղջիկը՝ Լիլին, որը դեռ քննությունն էլ չէր հանձնել տնօրեն դառնալու համար»:

Նախկին աշխատակցի խոսքերով՝ դեռ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ է որոշել Լիլի Կիրակոսյանը դպրոցում կառուցվածքային փոփոխություններ իրականացնել:

«Սկզբում շատ լավ հարաբերություններ էին, ու երբ որ ամբողջ գրականությունը իմ կաբինետում ներկայացնում էի իրեն, ինքը ինձ ասում էր. «Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, և չգիտեմ՝ սոց. մանկավարժը դա ի՞նչ է, չեմ հասկանում: Մի խոսքով, գնաց-գնաց առաջ և մի օր էլ թե՝ «Իսկ եթե ես ձեզ չկարողանա՞մ պահել»: Հետո ասում էր՝ «Ի՞նչ կլինի պարոն Բալայանին ասենք՝ Երևանից մի հնարավորություն բերի, նախարարությունից մի հատ թուղթ, որ քեզ երկրորդ կազմակերպիչ պահեմ դպրոցում: Իսկ սոց. մանկավարժ չի լինի, քանի որ ես պիտի կամերաներ դնեմ դպրոցում»: Մի խոսքով, նա ինձ փոխարինեց կամերաներով: Ասում էր՝ կամերա է պետք, ախրանա, հետո կարճ ժամանակ անց մի հատ սառնարան հայտնվեց, խոլ, և փոխարենը նա ինձանից ազատվեց, բայց աստիճանաբար. առանց իմ գիտության ես նախ դառնում եմ իբրև դպրոցում երկրորդ կազմակերպիչ, որի մասին ես անգամ չեմ իմանում: Երբ որ տղաս մի օր խնդրեց, որ աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանք տանեմ դպրոցից, ես տեսա, որ ոչ թե սոց. մանկավարժ եմ, այլ դպրոցում աշխատանքի երկրորդ կազմակերպիչ:

Բայց ես ինչպես ազատվեցի աշխատանքից, սա է ամենակարևորը: Ես Դիլիջանում ինձ համար հանգստանում էի, իմ ընկերուհիներից մեկը տեղեկացրեց, թե՝ Դուք գիտե՞ք, որ Ձեր վերջնահաշվարկն է տվել, և Դուք էլ չեք աշխատում այլևս: Ասի՝ ո՞նց… բայց այդպես էլ եղավ, հիմա իմ աշխատանքային գրքույկում ուղղակի գրված է. «Ազատել աշխատանքից» և ուրիշ ոչ մի բան»:

Դպրոցի նախկին աշխատակիցը պատմել է նաև, թե տնօրենը անշնորհք կերպով է վարվել աշխատակիցների հետ:

«Մենք իմացանք, խոսքը մեզ հասել էր այնպես, որ ինքը խփել էր ֆիզկուլտուրայի ուսուցչին, դրա համար էլ վերջինս ուղղակի թքել ու դուրս էր եկել: Ես հիմա չգիտեմ՝ ինչ էր եղել, ինքը խփե՞լ էր, ի՞նչ էր արել, բայց նա մի տեսակ վրա պրծնելու բնավորություն ուներ:

Խոսում են նաև, որ դպրոցի հավաքարարի հետ էլ այդպես է վարվել, ով մի տղա ունի, շատ խեղճ ապրող էր, հետո նրա բերանը փակել էր»:

Galatv.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս