Արագացրու հերքումդ. Վարչապետը հրաժարական կներկայացնի՞

«Ճիշտն ասած, կարծում եմ` դա արձագանքն էր նրա, որ բազմաթիվ անգամներ շատերի կողմից տարակուսանք հայտնվեց, որ երկրի նախագահը ամիսներ շարունակ լռում է կարևորագույն սկանդալային իրադարձությունների կապակցությամբ, դա Սյունիքի մարզպետի «սխրագործություններն էին», դա ՎՊ-ի բացահայտումներն էին, դա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ դիտվող, այսպես ասած, ձախողումներն էին` Ադրբեջան-Ռուսաստան գործարքի տեսքով և այլն»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով նախագահական նստավայրում հրավիրված խորհրդակցությանը:

Ըստ նրա՝ վերջապես միակ դրական բանն այն էր, որ երկարատև լռությունից հետո Սերժ Սարգսյանը խոսեց, սակայն մյուս կողմից՝ ավելի լավ է չտար այն գնահատականները, որ տվեց: «Որովհետև այնպիսի մի իրավիճակ ստեղծեց, ըստ էության, այնպիսի մի հարձակում գործեց Վերահսկիչ պալատի վրա, կարծես թե երկրի նախագահի շուրթերով այդ բացահայտումները համարվեցին չարաշահումներ: Հիմա արդեն իսկապես պատասխանատվությունը դրանց համար ստանձնեց երկրի նախագահը, ով իր խոսքով գրեթե ասում է, թե դրանք չեն եղել, և Իշխան Զաքարյանի կարծիքը որևէ մեկի համար հետաքրքիր չէ: Եվ այս կտրվածքով իհարկե տխուր թատրոն էր հիշեցնում, ըստ էության, դեմոկրատիայի իմիտացիա էր ստեղծել, «լավ կառավարման» իմիտացիա էր ստեղծել, իբրև թե պետական մարմինները անկախ են, ՎՊ-ը կարող է ինչ-որ բացահայտումներ անել, ԱԺ-ում կարող է ինչ-որ թատրոն բեմականացնել, որ կարող են իշխանությունները իրենք իրենց քննադատեն, բայց դրանք որևէ իրավական ուժ չեն կարող ունենալ, որովհետև երկրի նախագահը դա թույլ չի տալիս»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը:

Հարցին, թե ինչ նկատի ուներ իրականում Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին արագ գործելու մասին «խորհուրդ» տալով, և արդյոք ինչ սպասելիքներ ունի նա վարչապետից, Ժառանգություն կուսակցության քարտուղարը տվել է հետևյալ պատասխանը. «Վերջին հաշվով Սերժ Սարգսյանն էլ է գիտակցում, որ այս էջը փակվել չի կարող, և մեղադրանքները և հայտարարությունները չարաշահումների հետ կապված ավելի առարկայական են, քան Սերժ Սարգսյանի խոսքն է դրանց չլինելու մասին, կամ Վերահսկիչ պալատից, այսպես ասած, դժգոհ լինելու մասին: Հետևաբար այս կտրվածքով նա ուղղակի հորդորում է Տիգրան Սարգսյանին արագացնել հերքումը»:

Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը որևէ մեկին չի պատրաստվում պատժել՝ ոչ Տիգրան Սարգսյանին, ոչ Իշխան Զաքարյանին և ոչ էլ Տիգրան Սարգսյանի հակառակորդներին: «Ըստ էության, ինքը մի տեսակ խարդավանքները ներիշխանական այն վիճակի մեջ դրեցին, որ տարբեր թևերը միմյանց թուլացրեցին, և ինչը միանգամայն բավարար է Սերժ Սարգսյանին»,- ասել է նա:

Այսինքն այս խորհրդակցությունը կարելի է դասել նախորդների շարքին, որոնք ևս որևէ արդյունք չեն տվել, հարցին Ստյոպա Սաֆարյանը պատասխանել է այսպես. «Սերժ Սարգսյանը սրանից կօգտվի միայն որպես հիմք այն ժամանակ, երբ ցանկանա ուղղակի ազատվել այս կամ այն պաշտոնյայից, այդ թվում՝ վարչապետից, բայց դա կանի աշնանը»:

Galatv.am

Տեսանյութեր

Լրահոս