ԱԺ պատգամավորի ընտանիքին պատկանող հյուրանոց-առողջարանից կբռնագանձվի ավելի քան 14 միլիոն դրամ

tesankyun.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչությունը  հարկային ստուգումներ կատարելով «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում՝ հայտնաբերել է  հարկային խախտումներ: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Իջևանի ՏՀՏ-ն  դիմել է ՀՀ վարչական դատարան 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով:

Հակընդդեմ հայցով  պատասխանող կողմը պահանջել է « չեղյալ համարել Իջևանի ՏՀՏ-ի կողմից 2013թ. հունվարի 9-ին կազմած թիվ 1008042 ստուգման ակտի «Շահութահարկ» բաժնի 1-ին կետը և «5. Ավելացված արժեքի հարկ» բաժնի 1-ին և 4-րդ պարբերությունները, ինչպես նաև փոփոխել  «1. «Շահութահարկ» բաժնի 2-րդ կետը՝ համախառն եկամտից նվազեցվող ծախսերի և հարկային վնասների հետ կապված»:

Հունիսի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սևանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է Իջևանի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Դիլիջանի առողջարան» ՓԲԸ-ի  բավարարել մասնակի և այդ ընկերությունից  պետբյուջե բռնագանձել 14 միլիոն 235 հազար 498 դրամ, հայցը մնացած՝ 4 միլիոն 155 հազար 265 դրամ բռնագանձելու պահանջի մասով, մերժել:

Arkadi HambarcumyanՍույն  վճռի դեմ  մեկամսյա ժամկետում կարող է վերաքննիչ բողոք բերվել: Դիլիջան քաղաքի Գետափնյա 66 հասցեում գործող առողջարան-հյուրանոցը Դիլիջանի ամենաշքեղ հանգստյան օբյեկտներից է, այն հայտնի է նաև «Դիլիջան Ռեզորթ» անունով:

tesankyun.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այն պատկանում է  ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (հայտնի է «Դերժավայի Արկադի» անունով) ընտանիքին:

Տեսանյութեր

Լրահոս