«Ես ապտակ եմ համարում Կոմորովսկու նման ձևակերպումը». Վլադիմիր Կարապետյան

«Ես ապտակ եմ համարում Կոմորովսկու նման ձևակերպումը, որովհետև վստահ եմ, որ այդ ամենը կարելի էր քննարկել հանդիպման ժամանակ և այդ տարաձայնությունը ցույց չտալ հրապարակայնորեն` մամուլի ասուլիսի ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակության (ՀԱԿԿ) վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը` խոսելով հունիսի 25-ին Վարշավայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հանդիպման մասին:

Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների համատեղ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, և խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին` նշեց, որ Հայաստանը չի անում որևէ քայլ, որն ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, և իր գործունեությունը կառուցում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Սակայն սրան ի պատասխան` Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, նկատի ունենալով Եվրոմիության հետ Ասոցացման համաձայնագիրը և Եվրասիական տնտեսական միությունը, հայտարարեց. «Դուք չեք կարող լինել երկու տնտեսական տիրույթներում միաժամանակ, Դուք պետք է ընտրություն կատարեք»:

Lehastan

«Այսինքն սա եղել է արձագանք Սերժ Սարգսյանի խոսքերին և ցույց է տալիս` որքան մերկ են մեր արտաքին քաղաքականությունը վարող անձինք»,- շարունակեց ՀՀ արտգործնախարարության նախկին մամուլի խոսնակը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է բուն եվրոպական ինտեգրացիայի գործընթացին, ապա այս մասին Վ. Կարապետյանը նշեց, որ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի ստորագրվի Եվրոմիության հետ Ասոցացման համաձայնագիրը, և ինքն այս ուղղությամբ որևէ խոչընդոտ չի տեսնում:

«Ինչ վերաբերում այլ ինտեգրացիոն գործընթացներին, ապա պետք է նշեմ, որ մենք հանդիսանում ենք ԱՊՀ անդամ, այս պահին այլ ինստիտուտ չկա, որը լիարժեքորեն կփոխարիներ այդ կազմակերպությանը, և Հայաստանի անդամակցությունը ԱՊՀ-ին երբեք խոչընդոտ չի եղել Եվրոմիության հետ խորացված երկխոսությանը: Կարծում եմ, որ առանց որևէ խնդրի կարելի է նման քաղաքականությունը շարունակել»,- ավելացրեց Վ. Կարապետյանը:

ՀԱԿԿ ներկայացուցիչը հիշեցրեց, որ  Ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ-ի և Հայաստանի բանակցությունները ընթացել են մի քանի տարի, և նաև հույս հայտնեց, որ ստորագրվելիք փաստաթուղթը բխում է Հայաստանի շահերից:

«Այն կետերը, պարտավորությունները, որոնք չեն բխում մեր շահերից, մենք չենք ստորագրելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պուտինյան նախագծին` Մաքսային, իսկ հետագայում` Եվրասիական միությանը, այդ մասին Վ. Կարապետյանն ասաց հետևյալը. «Հիմա թող մյուս ուղղությունն էլ փաստաթղթեր հրապարակի, և երբ մենք տեսնենք` ինչ կազմակերպության մասին է խոսքը, ինչ կանոնադրություն այն ունի, ինչին պետք է միանանք, այն ժամանակ կխոսենք»:

Վերադառնալով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին` Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց, որ այս առումով պետք է առաջին հերթին դիտարկել այդ պայմանագրի տնտեսական կողմերը, քանի որ դրանք ուղղակիորեն կապված են երկրի բնակչության կենսամակարդակի հետ:

Նա նաև ավելացրեց, որ այս երկուսն էլ լուրջ գործընթացներ են, և դրանց պետք է մոտենալ պրոֆեսիոնալ տեսանկյունից` քննարկելով յուրաքանչյուր փաստաթուղթ, որը բխում է սեփական երկրի շահերից, չի սահմանափակում պետության ազատությունը և չի հակասում այլ ուղղություններով երկրի պարտավորություններին:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին` Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, կայանալու է Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների երրորդ գագաթաժողովը, որտեղ  նախատեսվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Տեսանյութեր

Լրահոս