500 դոլար՝ յուրաքանչյուր հայաստանցուն սպանելու համար
Ռուսաստանը 500 դոլար գումար է հատկացրել Ադրբեջանին՝ ամեն մի հայաստանցուն սպանելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի որոշմանը՝ Ադրբեջանին 1 միլիապդ դոլարի զենք վաճառելու վերաբերյալ: «Մեր ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանն, այս օրերին մեզ պատերազմին սպառնացող Ադրբեջանին տալիս է լրացուցիչ 1 մլրդ դոլարի զենք՝ այդ թվում այնպիսի զինատեսակներ, որոնք Ռուսաստանը դեռ չի օգտագործում: Եթե այս 1 մլրդ-ը բաժանենք յուրաքանչյուր քաղաքացու վրա, ստացվում է, որ 5 հարյուր դոլարի զենք է տրամադրվում ամեն մեկի համար: Մեծահասակները, ծնվող երեխաները հիմա ապրում են, բայց իրար դեմքին նայելիս պետք է հասկանանք, որ ամեն մեկիդ սպանելու համար 5 հարյուր դոլարի զենք է տրամադրվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրեն մտահոգում է նաև անտարբերությունն այս հարցի շուրջ: Ըստ նրա՝ ինքը գիտեր, թե պետությունն այս հարցում ինչ դիրքորոշում պետք է որդեգրեր, բայց շեշտեց, որ պետության հասցեին որևէ բան ասելու դեպքում քեզ որակում են որպես ընդդիմադիր ու ասում, որ առիթ ես փնտրում պետութան հասցեին որևէ բան ասելու համար: «Եթե իմ վրա կրակած չլինեին, իմ վարկանիշի բարձրացման ընթացքը, որ սկսել էր, հասներ այն մակարդակի, որ ես դառնայի նախագահ, ապա Ռուսաստանը բարեկաման հարցում կստանար նոտայի տեսքով՝ թե ի՞նչ է նշանակում թշնամուն զենք վաճառել մեզ պատերազմով սպառնացող պետությանը: Ես իմ ամբողջ կյանքում զբաղված եմ եղել նախազգուշացնելով, անհնարինը հնարավոր դարձնելու ճանապարհները ցույց տալով»,- նշեց ԱԻՄ առաջնորդը՝ շեշտելով, որ ինք որևէ մեկին չի առաջարկում ընկնել հակառուսական հիստերիայի մեջ, բայց նաև ընդգծեց, որ հակառուս իմպերիալիստական հիստերիայի մեջ նույնիսկ հիստերիան քիչ է: «Գազի գները բարձրացրին, գոնե որոշեցին ցույցեր անել, բողոքել, բայց ամեն հային սպանելու համար 5 հարյուր դոլար է տրամադրել, բայց բոլոր հայերը հանգիստ ապրում են: Իշխանությունը պետք է ահազանգ հնչեցներ, պետք է նույնիսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնելու մասին խոսվեր, պետք է բոլոր պայմանագրերից դուրս գալու մասին խոսվեր: Իսկ եթե սա իշխանությունը չէր անում, պետք է անեին ընդդիմադիրները: Հայկական ընդդիմադիր դաշտը, սակայն, հիմնականում զբաղված է, երբ աթոռի հարց կա, նյութի հարց կա»: Հայրիկյանի խոսքով՝ մեզանից է կախված թե մեծ պետությունները գոնե մեզ վերաբերող հարցերում ինչպես կպահեն իրենց: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանն այնպես չի անում, որ ՌԴ-ն մեր նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերի: