Նոր շրջափուլին՝ նոր մոտեցումներ. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ավարտվեց քաղաքական ցիկլը (շրջափուլը), ավարտվում է նաև այս տարվա քաղաքական սեզոնը, և շատ հավանական է, որ մինչև սեպտեմբեր որևէ լուրջ իրադարձություն տեղի չի ունենա: Արդյունքներն ամփոփելու ժամանակն է, ու առայժմ փորձենք պարզապես թվարկել քաղաքական հիմնական խաղացողներին:
Իշխանության կուսակցության մասին երկար խոսելու անհրաժեշտություն չկա՝ 20 տարուց ավելի է՝ Հայաստանում իշխում է կոռումպացված չինովնիկների խումբը, որը պարբերաբար փոխում է իր անունը:
Ընդդիմադիր դաշտում գործող սուբյեկտներից առաջին հերթին նշենք ՀԱԿ-ը՝ որպես համախոհների թիմ, որն անվերապահորեն ընդունում է Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը և անքննարկելի ճշմարտություն է համարում թե հիմա և թե անցյալում նրա բոլոր ասածները: Միասնական թիմ լինելուց բացի՝ ՀԱԿ-ն ունի նաև այն առավելությունը, որ համագործակցում է ԲՀԿ-ի հետ և օգտվում է այդ կուսակցության նյութական և տեղեկատվական ռեսուրսներից:
Նույն ընդդիմադիր դաշտում են նաև ՀԱԿ-ից տարբեր պատճառներով դուրս եկած գործիչները, որոնք որպես անհատականություններ հաճախ ավելի հետաքրքիր են, քան ՀԱԿ կուսակցականները, բայց բոլոր դեպքերում դրսևորվում են որպես անհատներ՝ առայժմ չի երևում որևէ պլատֆորմ, որի վրա նրանք կարող են միավորվել: Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Շահնազարյանը կրկին կարող են հայտնվել մեկ քաղաքական կառույցի մեջ. յուրաքանչյուրը կգերադասի իր՝ առաջինը լինելու ամեն ինչը, իր՝ վերջինը լինելու որևէ բանից: Գումարած դրան՝ թեև ՀԱԿ կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ իր միակ թիրախը իշխանությունն է, այնուամենայնիվ՝ այդ կուսակցության (և ԲՀԿ-ի) քարոզչամիջոցները ջանք ու եռանդ չեն խնայում նախկին ՀԱԿ-ականներին «փչացնելու» համար:
Անկախ ամեն ինչից՝ միասնական, թեկուզ ոչ այնքան վառ թիմով, հանդես գալը քաղաքականության մեջ ավելի գերադասելի է ու հեռանկարային, քան անհատական, նույնիսկ փայլուն խաղով և «խաբսերով» ելույթ ունենալը:
Դաշնակցությունը՝ շնորհիվ մեկ դարից ավելի մշակված գաղափարախոսության ունի և, հուսով եմ, միշտ կունենա իր ուրույն տեղը մեր քաղաքական կյանքում և մեր հասարակական գիտակցության մեջ: Սակայն իներցիայի ուժով, թե դաշնակցականների ոչ բավարար ջանքերի պատճառով այդ կուսկցության օրակարգը ընկալվում է որպես զուտ ազգային-ազատագրական պայքար և չի կապվում ժամանակակից հայաստանյան մարտահրավերների հետ: Հրաժարվել այդ կուսակցության «բրենդ» հանդիսացող արժեքներից՝ հիմարություն կլիներ: Ավելացնել դրանց նոր «բրենդներ»՝ շատ դժվար է:
«Ժառանգության» համար քաղաքական այս շրջափուլը աստեղային ժամն էր: Չեմ կարծում, որ մոտ ապագայում այս կուսակցության համար «մոլորակների բարենպաստ շքերթը» կրկնվելու է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: