Պատուհանից ներս մտած 20-ամյա Մեկսետին սեքս առաջարկելու համար տուգանեցին 80 հազար դրամով
2013թ. մայիսի 1-ին ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, ոմն Նեքսեթի կողմից բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ:
Ինչպես գրում է Փաստինֆոն, հետագայում պարզվել է, որ «ոմն Նեքսեթ»-ը Վրաստանի Հանրապետության քաղաքացի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժնի 1-ին կուրսի 20-ամյա ուսանող Մեկսետ Սարգսյանն է:
14.05.2013թ. Մեկսետ Սարգսյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։ Նրան մեղադրանք է առաջադրվել, ըստ որի նա 2013թ. ապրիլի 30-ին, ժամը 22։30-ի սահմաններում բնակչուհու կամքին հակառակ, նրա բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելով, բաց պատուհանից ապօրինի մուտք է գործել նրա տուն, առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն մերժում ստանալուց հետո հեռացել է։
Մ. Սարգսյանը ոստիկանություն է ներկայացել մեղայականով, իրեն լիովին մեղավոր ճանաչել և նախաքննության ընթացքում տվել ինքնախոստովանական ցուցմունքներ` հայտարարելով, որ անկեղծորեն զղջում է կատարածի համար։
Դատարանում նույնպես ամբաստանյալը հայտարարել է, որ ինքն համաձայն է մեղադրանքի հետ և դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ դատարանը բավարարել է միջնորդությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբաստանյալ Մեկսետ Սարգսյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի` 80.000 ՀՀ դրամ գումարի չափով։