Բողոքի ակցիա ոստիկանության շենքի դիմաց. Վլադիմիր Գասպարյանը ներսո՞ւմ չէ
Հունիսի 26-ը խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ առիթով այսօր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն կազմակերպել էր բողոքի ակցիա ՀՀ ոստիկանության շենքի դիմաց: Ինչպես հայտնում է galatv.am-ի թղթակիցը` տասնյակ ոստիկաններ այս պահին շրջափակել են ոստիկանության շենքը եւ արգելում են ակցիայի մասնակիցներին մոտենել ոստիկանության գլխավոր շենքին: Սկսվել է լեզվակռիվ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանները ակտիվիստներին արգելում են փողոցն անցնել, ինչը մեկնաբանում են այպես. «Ոստիկանության շենքը ռազմական նշանակության օբյեկտ է, և հետեւաբար այնտեղ կանգնել և առավել ևս` ակցիա անել արգելվում է»:
Ոստիկանների այս պատճառաբանությունները ակտիվիստները համարում են օրենքի կոպիտ խախտում և պահանջում են բացել ճանապարհը:
«Եթե մենք անօրինական որևէ քայլ անենք, ապա դուք կարող եք մեզ ձերբակալել, մենք ցանկանում ենք ուղղակի մեր պլակատներով մի քանի րոպե կանգնել ոստիկանության շենքի դիմաց և նամակ հանձնել նախարարությանը»,- ոստիկաններին հայտնել են ակտիվիստները: Ոստիկանները ի պատասխան հայտնել են, որ եթե լինի անհրաժեշտություն, ապա կձերբակալեն:
Այս պահին բանակցություններ են ընթանում: Մինչդեռ ոստիկաններն անդրդվելի են: Նշենք, որ ակտիվիստները իրենց ձեռքերում պահում են «Բացահայտեք և պատժեք խոշտանգողներին», «Խոշտանգող ոստիկանների զոհերը» և այլ գրառումներով պաստառներ:
Հավելենք, որ ցուցարարները նախատեսում են բողոքի ակցիան տեղափոխել նաև դատարանների և ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: